Արտահանման և ներմուծման ծավալները շարունակում են նվազել. հունիսը` թվերով. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

3 Min Read

Ամռան առաջին ամիսն աշխարհաքաղաքական զարգացումների տեսանկյունից նշանավորվել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի դիրքերի թուլացմամբ. Հայաստանի բարեկամ Մակրոնը զգալի պարտություն կրեց խորհրդարանական ընտրություններում։

Մյուս կողմից, հայ-ադրբեջանական անկայուն հարաբերությունները գտնվում են սպասողական վիճակում։ Տարածաշրջանում խոսում են սպասվող խաղաղության մասին Հայաստանի և Արցախի պարտության հաշվին։

Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները ևս շարունակում են վատթարանալ։ Իսկ Իրանում նախագահի պաշտոնը ստանձնել է Մասուդ Փեզեշքիանը, որը բավականին դրական մտադրություններ ունի Իրան-Ադրբեջան հարաբերությունների խորացման հարցում։

Այս իրավիճակը ՀՀ տնտեսությունը շարունակում է պահել լարվածության մեջ։ Եվ չնայած վերոնշյալ աշխարհաքաղաքական խնդիրներին` ՀՀ տնտեսությունը շարունակում է պահպանել հարաբերական կայունություն նաև 2024թ․ հունիսին․

 ՎԿ տվյալների համաձայն՝ 2024թ․ հունիսին արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է ֏225,125 մլն, իսկ շինարարության ծավալը՝ ֏51,340 մլն:

2024թ․ հունիսին առևտրի շրջանառության ծավալը հաստատվել է ֏515,034 մլն, իսկ ծառայությունների ծավալը՝ ֏282,862 մլն մակարդակները:

2024թ․ հունիսին ՀՀ-ում արտադրվել է 666 մլն կՎտ./ժ էլեկտրաէներգիա:

Մեր հայրենակիցների միջին ամսական անվանական աշխատավարձը սույն թվականի հունիսին կազմել է ֏275,654, իսկ արտահանման և ներմուծման ծավալները հունիսին կազմել են համապատասխանաբար  $856մլն և $1,171 մլն։ 

Վերը բերված ցուցանիշները հնարավոր կլինի լիովին մեկնաբանել և դրանց փոփոխության միտումն ըմբռնել, եթե 2024թ․ հունիսին արձանագրված արդյունքները համեմատության մեջ դրվեն 2023թ․ հունիսի և 2024թ․ մայիսի արդյունքների համապատասխան մակարդակների հետ.

Տնտեսական ակտիվության ցուցանիշը 2024թ․ հունիսին 2023թ․ հունիսի համեմատ հաստատվել է 7.1% մակարդակներում։ Արդյունաբերության համախառն արտադրանքի ծավալների աճը  2024թ․ հունիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ կազմել է 1․4%:



2024թ․ հունիսին շինարարության ծավալները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 18%-ով։ 2024թ․ հունիսին 2023թ․ հունիսի համեմատ առևտրի շրջանառության ծավալներն աճել են 16,2%-ով։ 2024թ․ հունիսին 2023թ․ նույն ամսվա համեմատ ծառայությունների ծավալի աճը կազմել է 7․8%։

2024թ․ հունիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ունեցել ենք գնաճ 0․8%-ով։ 2024թ․ հունիսին 2023թ․ նույն ամսվա համեմատ միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է  3%-ով։

Արտահանման և ներմուծման ծավալները 2024թ․ հունիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ աճել են համապատասխանաբար մոտ 59․9%-ով և 20․6%-ով։

Տնտեսական ակտիվության ցուցանիշը 2024թ․ հունիսին մայիսի համեմատ կազմել է 11․3%։

Արդյունաբերության համախառն արտադրանքի ծավալների կրճատումը  2024թ․ հունիսին մայիսի համեմատ կազմել է 2․4%:

2024թ․ հունիսին մայիսի համեմատ արտահանման ծավալները կրճատվել են 10․9%-ով։

Անկումներ են արձանագրվել նաև ներմուծման` 3․5% և էլեկտրաէներգիայի արտադրության ծավալներում` 0․4%։

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով