Գործարկվում է «Սոցիալական աջակցության ծառայությունների քարտեզը»

20 Սեպտեմբերի, 2022
2 Min Read

ՀՀ տարածքի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ագրեսիայի պատճառով ժամանակավորապես տեղահանված քաղաքացիների կարիքներն Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից ստեղծված «Առաջնային կարիքի հավաքագրման հարթակի» միջոցով շարունակվում են գույքագրվել և բավարարվել։

Թեպետ պատասխանատու գերատեսչությունների կողմից տարածված հայտարարություններին այն մասին, որ այս պահին առկա ռեսուրսները բավարար են, այնուամենայնիվ, մի շարք սոցիալական նախաձեռնություններ և հասարակական կազմակերպություններ հավաքագրել են որոշ աջակցություն կամ ունեն ռեսուրսներ, որոնք ուզում են ծառայեցնել որպես օգնություն։

Այսպիսով, առկա ռեսուրսները գույքագրելու և դրանց հետագա կիրառումը պլանավորելու նպատակով` Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը գործարկել է «Սոցիալական աջակցության ծառայությունների քարտեզ» (հղումը՝ https://bit.ly/3DxaHoc ), որը ֆիզիկական անձանց և կազմակերպություններին հնարավորություն կտա մեկտեղել ռեսուրսները՝ դրանք գրանցելով համակարգում։ Հավաքագրված տվյալները հասանելի կլինեն մարզպետարանների, ՏԻՄ-երի և ԱՍՀՆ համար` ըստ անհրաժեշտության աջակցությունը համակարգելու և ըստ նպատակի տրամադրելու համար:

Համակարգում գրանցվելու համար անհրաժեշտ է մուտք գործել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայության www.socservice.am պաշտոնական կայքի «Սոցիալական աջակցություն» բաժին և ընտրել «Սոցիալական աջակցության ծառայությունների քարտեզ» պատուհանը։

Համապատասխան դաշտերում պահաջվող տվյալները լրացնելուց հետո անհրաժեշտ է սեղմել «Գրանցում» կոճակը, որից հետո աջակցություն առաջարկողի օգտահաշվի ակտիվացման տվյալները կուղարկվեն նշված էլեկտրոնային հասցեին․ հաղորդագրությունն ստանալուց հետո անհրաժեշտ է սեղմել նամակում առկա հղումը:

Օգտահաշիվը ակտիվացնելուց և համակարգ մուտք գործելուց հետո՝ աջակցություն առաջարկող անձը կամ կազմակերպությունը հնարավորություն կունենա լրացնել առաջարկվող աջակցության վերաբերյալ տեղեկատվությունը։ Այս դեպքում՝ անհրաժեշտ է սեղմել «Ավելացնել» կոճակը, բացված ձևաթղթում լրացնել պահանջվող բոլոր տվյալները, ապա ընտրել «Հաստատել» սեղմակը: Մեկից ավելի մարզերում աջակցություն տրամադրելու դեպքում անհրաժեշտ է սեղմել «Կանաչ պլյուս» կոճակը և կրկնել նույն գործողությունները։

Կիսվեք այս հոդվածով
6 Comments