2024 թվականի մայիսին Neuralink-ը հայտարարեց երկրորդ հիվանդի որոնումների մասին՝ ուղեղի իմպլանտի վիրահատության համար։ 2,5 ամիս անց ստարտափը գտավ կամավորի և կատարեց չիպի ներդրման վիրահատություն։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով ստարտափի սեփականատեր Իլոն Մասկի խոսքերին։
Միլիարդատերը պարզաբանել է, որ վիրահատությունը հաջող է անցել, սակայն Neuralink-ը դեռ չի բացահայտել հիվանդի ինքնությունը։
Լրատվամիջոցները պարզել են, որ Neuralink-ի երկրորդ հիվանդը ողնուղեղի վնասվածք ունի, որը նման է Նոլանդ Արբոյի՝ Neuralink-ի առաջին հիվանդի ստացած վնասվածքներին: Իլոն Մասկը հայտնել է, որ հասանելի 1024 էլեկտրոդներից մոտ 400-ը ակտիվացել են երկրորդ կամավորի ուղեղում։ Երկրորդ հիվանդի հետ ընկերությունը մտադիր է փորձարկել ավելի հզոր չիպ, որը կկարդա իմպուլսները 8 ժամ՝ առանց վերալիցքավորման։
«Չեմ ուզում «աչքով տալ», բայց կարծես ամեն ինչ շատ լավ անցավ երկրորդ իմպլանտի հետ: Շատ ազդանշաններ, շատ էլեկտրոդներ: Ամեն ինչ անթերի է աշխատում»,- ասել է գործարարը։
Իլոն Մասկը նաև բացահայտել է ստարտափի ապագա ծրագրերը։ Այսպիսով, մինչև 2024 թվականի վերջ, Neuralink-ը, որպես կլինիկական փորձարկումների մի մաս, նախատեսում է չիպեր տեղադրել ևս ութ հիվանդների գլխում:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում