Մեր վերլուծություններում մշտապես անդրադառնում ենք երկրի կարևորագույն ֆինանսական փաստաթղթին՝ բյուջեին։
Վերջինս մեծամասամբ համալրվում է հարկերի միջոցով։ Սակայն, կա բյուջեի համալրման ևս մի գործիք`տուգանք։ Շատ հաճախ այս տուգանքները գանձվում են նաև երկիր այցելած օտարերկրացիներից, որոնք ծանոթ չեն սահմանված օրենքներին ու արգելքներին։
Զբոսաշրջիկների ծախսերը՝ Վրաստանում
Ներկայումս ակտիվ զբոսաշրջության ժամանակահատված է, ուստի և ծանոթանանք տարբեր երկրներում առկա մի շարք սահմանափակումների հետ, որոնք խախտելու դեպքում սպասվում են անակնկալ ծախսեր.
Զբոսաշրջիկները պետք է իմանան, որ ամեն ինչ չէ, որ կարելի է նկարահանել: Մասնավորապես, Աբու Դաբիում զբոսաշրջիկին տուգանել են շուրջ $3 հզր այն բանի համար, որ վերջինս, անտեղյակ լինելով ռազմավարական օբյեկտների մասին, դրանք նկարահանել է։
Ճապոնիայում չի թույլատրվում նկարահանել գեյշաներին։ Վերջիններիս նկարահանելու համար պատրաստ եղեք վճարել մոտ $100 տուգանք։
Հռոմում արգելված է լողանալ շատրվաններում։ Այս արարքի համար գանձվում է €300-€500։ Հռոմի քաղաքային ոստիկանությունը զբոսաշրջիկներին արգելում է նաև նստել Իսպանական սանդուղքի աստիճաններին. խախտման համար տուգանքները տատսնվում են 250-ից մինչեւ 400 եվրոյի սահմաններում։
Թայլանդում խստորեն արգելվում է գործ ունենալ կորալների հետ։ Վերջերս զբոսաշրջիկին ձերբակալեցին այն բանի համար, որ փորձում էր սպիտակեցնել կորալները քիմիական նյութով։ Բանտից դուրս գալու համար կարիք եղավ վճարել մոտ $700-$800։
Նկատենք, որ կորալներին դիպչելու, նկարահանելու կամ այլ գործողություններ իրականացնելու համար Թայլանդում ավելի խիստ միջոցներ էլ են կիրառվում. օրինակ`կարող ես ազատազրկման ենթարկվել շուրջ 10 տարով։ Թայլանդում արգելվում է նաև կորալների դուրսբերումը երկրի սահմաններից։
Կան երկրներ, որտեղ ուշադրության են արժանանում մարդու կեցվածքը և վարքագիծը։ Օրինակ, մի շարք մահմեդական երկրներում արգելվում է ակնհայտ բաց շորեր հագնելը և նկարահանումներ անելը։ Դրա համար սահմանված են $1000-$10,000 տուգանքներ։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում