Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը օգոստոսի 2-ին ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆղանսուազ Ժակոբին։ Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը։ Այդ մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:
Հանդիպման սկզբում նախարարը շնորհավորել է Ֆղանսուազ Ժակոբին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ Հայաստանի կայուն տնտեսական զարգացման ապահովմանն ուղղված բոլոր նախաձեռնություններում։
«Մեզ համար առաջնահերթ է ՄԱԿ-ի համապատասխան գործակալությունների հետ մեր համագործակցության ծրագրերի ընդլայնումը` աղքատության կրճատման, շրջակա միջավայրի պաշտպանության և Կայուն զարգացման նպատակներին հասնելու ուղղությամբ»,- նշել է Գևորգ Պապոյանը:
Կողմերը քննարկել են տնտեսության ոլորտում իրականացվող ծրագրերը, տնտեսական զարգացմանը միտված համատեղ աշխատանքների շարունակականությունն ու համագործակցության ընդլայնման հնարավորությունները առևտրի, գյուղատնտեսության և մի շարք այլ ոլորտներում։
Անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց կարիքների լուծման համար երկարաժամկետ կայուն կենսապայմանների ապահովմանն ուղղված աշխատանքներին։
Գևորգ Պապոյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը ջանքեր է գործադրում տարածաշրջանային հակամարտությունները հաղթահարելու ուղղությամբ և ցանկանում է ստեղծել մի նոր իրականություն, որտեղ բոլոր երկրները կապվելու են ակտիվ քաղաքական, տնտեսական և մշակութային կապերով։ Այս համատեքստում նախարարը ներկայացրել է Կառավարության կողմից ձեռնարկված «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը, որը կարող է դառնալ ինչպես տարածաշրջանային, այնպես էլ ավելի լայն տնտեսական համագործակցության կարևոր բաղկացուցիչ։