Կառավարությունը անհետ կորածների հարազատներին տրվող աջակցության ժամկետը 2 ամսով երկարաձգել է․ գումար կտրամադրվի

1 Min Read

Կառավարությունը 44-օրյա պատերազմից հետո  անհայտ կորած զինծառայողների ընտանիքների աջակցության միջոցառումը կերկարաձգի ևս 2 ամսով։ Այս մասին որոշման նախագիծը ներառված է Կառավարության հերթական նիստի օրակարգում։ 

Նախորդ որոշմամբ՝  ամենամսյա դրամական վճարի ձևով սոցիալական աջակցության տրամադրման համար ժամկետ էր սահմանվել մինչև 2024 թվականի մայիս և հունիս ամիսները՝ ներառյալ, ինչից հետո սահմանված ժամկետը երկարաձգվել է մինչև 2024 թվականի հուլիս և օգոստոս ամիսները՝ ներառյալ:

Զինծառայողի ընտանիքին տրամադրվող սոցիալական աջակցության ամսական չափը կազմում է 300000 դրամ, որը տրամադրվում է միջոցառումը հաստատելու ամսվանից, սակայն ոչ ավել, քան մինչև անհայտ կորած զինծառայողին դատական կարգով անհայտ բացակայող ճանաչելը:

20.06.2024 թ. դրությամբ դեռևս անհայտ բացակայող ճանաչելու մասին դատական ակտեր չունեցող թվով 23 անհայտ կորած համարվող զինծառայողների ընտանիքների աջակցության տրամադրումը դադարեցվել է 2024 թ. հուլիսի 1-ից: 

Աջակցության վճարման ժամկետը որոշմամբ երկու ամսով երկարացվելու արդյունքում 23 անհայտ կորած համարվող զինծառայողների ընտանիքներին աջակցություն տրամադրելու համար միջոցառման ֆինանսավորման համար կպահանջվի լրացուցիչ 13,800.0 հազար դրամ:

Նախագծով առաջարկվում է այն հատկացնել Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեով նախատեսված ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «1068. Ժողովրդագրական վիճակի բարելավում» ծրագրի ֆինանսներից։ 

Նշվում է, որ մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի տրամադրում միջոցառման գծով պակասեցվող ֆինանսական միջոցները կհանգեցնեն արդյունքային ցուցանիշների նվազեցման 31-ով, և մինչև տարեվերջ լրացուցիչ ֆինանսական միջոցների կարիք չի առաջանա:

Կիսվեք այս հոդվածով