Ինչու՞ բարձրացվեց ՌԴ գլխավոր տոկոսադրույքը. ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

2 Min Read

Ռուսաստանի տնտեսությունը մտնում է փորձությունների նոր փուլ։  Այս փուլում ՌԴ Կենտրոնական բանկը որևէ լավ կանխատեսումներ չի անում: Չնայած դրան՝ շարունակում է իր կարգավորող քաղաքականությունը վարել՝ թույլ չտալով ավելի ռիսկային միջավայրի ձևավորմանը։ Այդ նպատակով ՌԴ ԿԲ-ն բարձրացրեց գլխավոր տոկոսադրույքը2 տոկոսային կետով։

Հուլիսի 24-ին գլխավոր տոկոսադրույքների մասով որոշումներ են կայացրել նաև այլ երկրներում․

Վիճակագրությունը ցույց է տալիս, որ Ռուսաստանում գլխավոր տոկոսադրույքը հաստատվել է 18% մակարդակում։  Կանադան 0,25 տոկոսային կետով նվազեցրել է գլխավոր տոկոսադրույքը, ինչի արդյունքում այն հաստատվել է 4,5% մակարդակում։

Չինաստանում գլխավոր տոկոսադրույքը նվազել է 0,1 տոկոսային կետով՝ կազմելով 3,35%։ Թուրքիայում գլխավոր տոկոսադրույքը մնացել է նույն և բավականին բարձր մակարդակում՝ 50%։ Եվրոգոտում գլխավոր տոկոսադրույքը ևս չի փոխվել՝ պահպանվելով 4,25% մակարդակում։ 

Ռուսաստանում գլխավոր տոկոսադրույքի աճը պայմանավորված է մի շարք ոչ դրական կանխատեսումներով։ Մասնավորապես, սպասվում է ՌԴ տնտեսության աճի դանդաղեցում մինչև 0%։

Կանխատեսվում է գնաճի կտրուկ աճ, որը 1,5 անգամ գերազանցելու է նախնական կանխատեսումները։ Զգալի կրճատում է կանխատեսվում նաև ներմուծման ծավալներում։

Ավելի կոնկրետ՝ ՌԴ ԿԲ կանխատեսումներով 2025թ․ ՌԴ ՀՆԱ-ն լավագույն դեպքում կաճի 1,5%-ով, իսկ վատագույն դեպքում՝ 0,5%-ով։ ՌԴ ԿԲ նախագահի հավաստիացմամբ՝ ՌԴ տնտեսության գերտաքացման աստիճանը 2024թ․ առաջին կիսամյակում ամենաբարձրն է եղել վերջին 16 տարիների ընթացքում։ Ըստ նրա՝ գլխավոր տոկոսադրույքի նվազեցում այս տարի սպասել պետք չէ, իսկ տոկոսադրույքի բարձր մակարդակը կպահպանվի այնքան, որքան պետք է և նույնիսկ, եթե պետք է, վերստին կբարձրացվի։

  • Հավելենք, որ ՌԴ տնտեսությունն ուղիղ ազդեցություն ունի ՀՀ տնտեսության վրա։ Բացի այդ՝ այն ԵՏՄ խոշոր տնտեսությունն է, որտեղ տեղի ունեցող անկումներն անմիջապես ազդում են բոլոր տնտեսությունների աշխատանքի վրա։
    Հետևաբար, մեր իշխանությունները ևս իրենց տնտեսական քաղաքականությունում պետք է հաշվի առնեն ՌԴ տնտեսությունում ձևավորվող ներկայիս բացասական սպասումները։

Կարդացեք նաև

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով