Թուրքիայի որոշ հյուրանոցներ դադարեցրել են ռուսական Mir վճարային համակարգն օգտագործող վարկային քարտերի ընդունումը։
Անցյալ շաբաթ տարբեր անձինք Telegram-ի իրենց ալիքներում նկարներ են տեղադրել, որոնք ցույց են տալիս, որ Անթալիայի հինգաստղանի հյուրանոցները դադարել են ընդունել Mir քարտերը: Վերջինս Visa-ի և Mastercard-ի ռուսերեն համարժեքն է: Հաղորդում է Middle East Eye-ը։
Հյուրանոցներից մեկը՝ Alva Donna World Palace-ը, ավելի ուշ հաճախորդներին տեղեկացրել է, որ քարտերի ընդունումը կասեցվել է կարճ ժամանակով՝ գլոբալ անջատման խնդրի պատճառով, բայց խնդիրը լուծվել է: Մյուս հյուրանոցները, սակայն, անջատումից հետո այդպես էլ չեն սկսել այս քարտերով վճարումներ ընդունել։
TourDom տուրիստական պորտալի գլխավոր խմբագիր Դմիտրի Դանիլենկոն իր հարցազրույցում նշել է, որ դա ընդհանուր բնույթ չի կրում։ Ըստ նրա՝ քարտապանները կարող են գումարը կանխիկացնել բանկոմատների միջոցով և այդպիսով կատարել վճարումները։
Դանիլենկոն հավանական է համարել նաև, որ թուրքական որոշ բանկեր, որոնք իրականացնում են վճարումները, կարող են վախենալ ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից ռուսական ֆինանսական հաստատությունների դեմ սահմանված երկրորդական պատժամիջոցների ենթարկվելուց։
Ենթադրվում է նաև, որ որոշ հյուրանոցներ կարող են ունենալ օտարերկրյա ներդրողներ, ովքեր չեն ցանկանում ենթարկվել պատժամիջոցների:
Գաղտնիք չէ սակայն, որ Թուրքիայի խոշորագույն բանկերից մի քանիսը, ինչպիսիք են Vakifbank-ը, Ziraat Bank-ը, Is Bank-ը, DenizBank-ը և Halkbank-ը, օգտվում են ռուսական համակարգից:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ը և ԵՄ մի քանի երկրներ խիստ պատժամիջոցներ էին սահմանել Մոսկվայի նկատմամբ՝ Ռուսաստանին դուրս մղելով Swift միջազգային վճարային համակարգից:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում