Գործադիրը որոշում է կայացրել, որը պայմանավորված է ՀՀ մարզային (տեղական) նշանակության 13․2 կմ երկարությամբ ավտոճանապարհների հիմնանորոգման աշխատանքների իրականացման նպատակով ՀՀ Տավուշի մարզպետի աշխատակազմին ֆինանսական միջոցների ապահովման անհրաժեշտությամբ։ Դիլիջան համայնքի Թեղուտ բնակավայրի 1-ին փողոց թիվ 105 հասցեից մինչև Հաղարծին բնակավայրի 12-րդ փողոց թիվ 1 հասցեն ընկած ճանապարհահատվածը, Սևքար բնակավայրից Սարիգյուղ բնակավայր միջհամայնքային, Նոյեմբերյան համայնքի Բագրատաշեն և Դեբեդավան համայնքները միացնող և Տ-10-39 /Հ-64/ Չորաթան /Արծվաբերդ-Չորաթան/ ճանապարհները խորհրդային տարիներից չեն վերանորոգվել և գտնվում են խիստ անմխիթար վիճակում։ Ճանապարհները մարզային /տեղական/ նշանակության են, խիստ կարևորություն են ներկայացնում համայնքների տրանսպորտային ցանցում և մեծ ազդեցություն ունեն բնակչության տնտեսական գործունեության վրա, ինչպես նաև արտակարգ իրավիճակներում ունեն ստրատեգիական նշանակություն։ Հաշվի առնելով այն, որ ծրագրերը համահունչ են մարզի սոցիալ-տնտեսական և համայնքների զարգացման ու միջնաժամկետ ծախսային ծրագրերին, դրանք առաջնահերթության կարգով ներկայացվել են ՀՀ կառավարություն՝ հրատապ իրականացվող ծրագրերի ցանկում ընդգրկելու նպատակով։
Նկատի ունենալով, որ պայմանագրերի ֆինանսավորման ժամկետները ավարտվում են սույն թվականի օգոստոսի 1-ը և նոր մրցույթային գործընթացներ կազմակերպելու, պայմանագրեր կնքելու համար անհրաժեշտ կլինի առնվազն երկու ամիս ժամկետ, ուստի հաշվի առնելով նշված ճանապարհների անբարեկարգ վիճակը՝ որոշմամբ ներկայացվում է ճանապարհների հիմնանորոգման աշխատանքների ֆինանսավորման վերաբաշխումները։ Հիմք ընդունելով վերոգրյալը՝ որոշմամբ առաջարկվում է կնքված յուրաքանչյուր պայմանագրերի 20% -ի չափով գումար հատկացնելու համար կատարել վերաբաշխում ՀՀ 2024 թվականի պետական բյուջեով նախատեսված 1049 «Ճանապարհային ցանցի բարելավում» ծրագրի 21001 «Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում» միջոցառման ՀՀ կառավարության ներքո գտնվող չբաշխված գումարներից ՀՀ Տավուշի մարզպետի աշխատակազմին հատկացնել 480,605․6 հազ․ դրամ: