Մեր օրակարգում է Հյուսիս-հարավ ճանապարհահատվածի մոտ 9 կմ երկարությամբ Սիսիան-Քաջարան թունելը: Այդ մասին Կառավարության հուլիսի 25-ի նիստին ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը՝ անդրադառնալով ՀՀ-ում ընթացող ճանապարհաշինարարական աշխատանքների ընթացքին:
ՏԿԵ նախարարն այս համատեքստում Հյուսիս-հարավ ճանապարհի մյուս հատվածների մասին մանրամասնեց, թե որտեղ ինչ փուլում են աշխատանքները:
«Հաշվի առնելով, որ Արտաշատ-Երևան և Երևանից Աշտարակը կառուցված է (իհարկե, որոշակի հարցեր և խնդիրներ կան այնտեղ), և անավարտ վիճակում ունեինք Աշտարակից դեպի Գյումրի հատվածները տարբեր փուլերում, սկզբնական փուլերում կենտրոնացել ենք այդ հատվածներում աշխատանքները վերսկսելու և շինարարական պրոցես ունենալու վրա:
Հիմա կարող եմ ասել, որ ունենք հետևյալ պատկերը, եթե Աշտարակից սկսենք հաշվել դեպի Գյումրի. առաջին կտորը 8 կմ է, որը շինարարության ակտիվ փուլում է, և հավանաբար, հոկտեմբեր-նոյեմբեր ամսին կավարտենք շինարարությունը: Մյուս կտորը 34 կմ է, որը նախատեսվում է ավարտել 2025 թվականի ամռանը: Հաջորդ կտորը 18,7 կմ է. դա Թալին-Լանջիկ հատվածն է, որն ավարտված է: Եվս մեկ կտոր Լանջիկից դեպի Գյումրի մոտ 23 կմ է, որը կավարտվի այս տարեվերջին: Եթե 34 կմ-ն էլ հաջորդ տարի ամռանն ավարտենք, ապա հաջորդ տարի ամռանը կունենանք Երևանից Գյումրի ամբողջովին կառուցված Հյուսիս-հարավ:
Այս տարի այդ ճանապարհի վրա որոշ հատվածներ մենք կբացենք երթևեկության համար, բայց միակողմանի, ամբողջը կավարտենք հաջորդ տարի ամռանը»,- ասաց նա:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում