Անպտղություն ունեցող անզավակ կանանց տարիքային շեմը դառնում է 40-ը. Ավանեսյան

1 Min Read

Կառավարությունը կընդլայնի վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներով բուժօգնությունից օգտվելու իրավունք ունեցող քաղաքացիների շրջանակը։ Կառավարության հուլիսի 25-ի նիստին համապատասխան նախագիծը ներկայացրեց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Նախարարը նշեց, որ ծառայությունների ամբողջական փաթեթից օգտվող 2 տարի և ավելի անպտղություն ունեցող անզավակ կանանց տարիքային շեմը 36-ից կբարձրացվի մինչև 40 տարեկանը ներառյալ:

«Բացի դրանից, ընդլայնվում է երկրորդային անպտղություն ունեցող մեր շահառուների շրջանակը։ Եթե նախկինում սահմանվում էր, որ միայն սահմանամերձ բնակավայրերի մեր քաղաքացիներն իրավունք ունեին օգտվելու այս հնարավորությունից, հիմա այս սահմանափակումը դուրս է գալիս և բոլորը կարող են օգտվել։

Կարգավորվել է նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների բուժօգնության տրամադրման կարգը»,- ասաց Ավանեսյանը։

Նախարարը նաև ներկայացրեց ծրագրի արդյունքները վերջին տարիների կտրվածքով։

«Եթե 2020 թվականին ծրագրով ծնվել էր 40 երեխա, 2021 թվականին՝ 76, 2022 թվականին՝ 128, 2023 թվականին՝ 159, ապա 2024 թվականի հունվար-հուլիս ամիսներին արդեն 271 երեխա է ծնվել։ Նշեմ, որ հղիների կտրուկ աճ ունենք»,- եզրափակեց Ավանեսյանը։

 

 

Կիսվեք այս հոդվածով