Որքա՞ն են կազմում օտարերկյա ներդրումների ծավալները ՀՀ իրական և ֆինանսական հատվածներում

2 Min Read

Ներդրումների դերակատարումը տնտեսության զարգացման գործում անգնահատելի է։ Հետևաբար, ներդրումային բավարար միջոցներ ներգրավելու նպատակով անհրաժեշտ է տնտեսությունում ստեղծել բարենպաստ միջավայր, ինչն էլ պայմանավորված է երկրի ներքին և արտաքին  գործոններով։

Հայաստանի համար, այս առումով, ստեղծվել են արտաքին ռիսկեր` պայմանավորված Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացմամբ։ Դրա արդյունքում վերջերս քիչ չեն Ռուսաստանի կողմից ՀՀ-ին տնտեսապես պատժելու փորձերը։ Դրանցից վերջինը միրգ-բանջարեղենի` ՌԴ  արտահանման արգելքի մասով էր։

Իհարկե, դրվող սահմանափակումներն ունենում են իրենց համապատասխան «բացատրությունները»։

Ինչևէ, չնայած բոլոր խոչընդոտներին` 2024թ․ մարտի վերջի դրությամբ ՀՀ իրական հատվածում օտարերկրյա ներդրումների մաքուր պաշարների ծավալները կազմել են ֏ 2,8 տրլն, որի մոտ 73%-ն ուղղակի ներդրումների ծավալներն են։

Ֆինանսական հատվածում 2024թ․ մարտի վերջի դրությամբ օտարերկրյա ներդրումների մաքուր պաշարների ծավալները կազմել են մոտ ֏3 տրլն, որի ընդամենը 31%-ն են ուղղակի ներդրումները։



2024թ․ մարտի վերջի դրությամբ ՀՀ իրական հատվածում իրականացված ներդրումների մաքուր պաշարների ծավալներում զգալի դերակատարում ունեն հետևյալ երկրները․

Վիճակագրական տվյալները փաստում են, որ ՀՀ իրական հատվածում իրականացված նեդրումների մաքուր պաշարների ընդհանուր ծավալներում մոտ 30% մասնաբաժին ունի Ռուսաստանը, իսկ այլ երկրների մասնաբաժինը կազմում է մոտ 16%։

6,2% և 6,1% մասնաբաժին ունեն համապատասխանաբար Լյուքսեմբուրգը և Կանադան։

2024թ․ մարտի վերջի դրությամբ ՀՀ իրական հատվածում իրականացված ներդրումների մաքուր պաշարների ծավալներում Ֆրանսիայի մասնաբաժինը կազմում է մոտ 6%։

Մյուս կողմից, 2024թ․ մարտի վերջի դրությամբ ՀՀ ֆինանսական հատվածում իրականացված ներդրումների մաքուր պաշարների ծավալներում զգալի դերակատարում ունեն հետևյալ երկրները․

Վիճակագրական տվյալների համաձայն՝ ՀՀ ֆինանսական հատվածում իրականացված նեդրումների մաքուր պաշարների ընդհանուր ծավալներում մոտ 55% մասնաբաժին ունեն այլ երկրները։

Ֆինանսական հատվածում իրականացված ներդրումների մաքուր պաշարների ընդհանուր ծավալներում  մոտ 8% մասնաբաժին ունի Շվեյցարիան։

Կիպրոսի և Լյուքսեմբուրգի մասնաբաժինները կազմել են համապատասխանաբար մոտ  6% և 5%։

Հավելենք, որ ֆինանսական հատվածում Ռուսաստանի դերակատարումը բավականին փոքր է։ Մասնավորապես, 2024թ․ մարտի վերջի դրությամբ ՀՀ ֆինանսական հատվածում իրականացված ներդրումների մաքուր պաշարների ծավալներում Ռուսաստանի մասնաբաժինը կազմել է մոտ 3%։

  • Պետք է նշել, որ ֆինանսական հատվածում օտարերկյա ներդրումներն ավելի դիվերսիֆիկացված են, քան իրական հատվածում։
TAGGED:
Կիսվեք այս հոդվածով