Միրզոյանը 9,5 մլն դրամ է ծախսել տունը վերանորոգելու համար․ Որքա՞ն կանխիկ փող ունի ԱԳ նախարարը

2 Min Read

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը 2023 թվականին 9,5 մլն դրամ է ծախսել տան վերանորոգման համար։ Այս մասին Banksnews.am-ը տեղեկանում է Միրզոյանի ներկայացրած հայտարարագրից։ 

Նա համատեղ սեփականության 2 անշարժ գույք ունի․ 1 բնակելի տուն Կոտայքի մարզում, որը ձեռք է բերել 2022 թվականին և 1 բնակարան Երևանում, որը ձեռք է բերել 2018 թվականին։ Բնակարանը նա վերցրել է հիփոթեքային վարկով, տարեվերջին վարկի մնացորդը կազմել է  28 մլն դրամ։

Միրզոյանի բանկային հաշիվների վրա տարեվերջին եղել է 30 հազար դոլար և 3,5 մլն դրամ։ 50 հազար դոլար և 2 մլն դրամ էլ կանխիկ է ունեցել։ 

2023թ. ընթացքում նա շուրջ 23 մլն դրամ եկամուտ է ունեցել․ 19 մլն 719 հազար դրամ ԱԳՆ-ից` որպես աշխատավարձ, 50 դոլար Ամերիաբանկից և շուրջ 3,2 մլն դրամ Ֆինանսաների նախարարությունից։ Վերջինը, հավանաբար, հանդիսանում է հիփոթեքով գնված բնակարանի տոկոսները վճարելու համար եկամտահարկի փոխհատուցում։  

Նրա կինը՝ Գոհար Աբաջյանը, վերոնշյալ 2 տների համասեփականատեր է։ Նա 2011 թվականի արտադրության KIA մակնիշի մեքենա ունի, որը գնել է 2019 թվականին։ Տարեվերջին Աբաջյանի բանկային հաշիվների վրա եղել է շուրջ 3800 դոլար և 1,7 մլն դրամ։ Իսկ կանխիկ ունեցել է ևս 10 հազար դոլար և 890 հազար դրամ։

Նա տարվա ընթացքում «ՔՈԳՆԱՅԶ ԷՆՋԻՆԻՐԻՆԳ» ընկերությունից աշխատանքի դիմաց վարձատրություն է ստացել 27 մլն 537 մլն դրամ։

Միրզոյանի կինը շուրջ 70 մլն դրամի հիփոթեքային վարկ ունի բնակելի տան համար։ Հավանաբար, խոսքը Կոտայքի մարզում ԱԳ նախարարի հետ համատեղ ունեցած տան մասին է։ Նա շուրջ 8,5 մլն դրամ է ծախսել վարկի մարման համար։

 

Կարդացեք նաև

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով