Ինչքա՞ն վարձավճար է տալիս «Վեոլիա Ջուրը» Կառավարությանը

1 Min Read

«Վեոլիա Ջուրը» մոտավորապես 9-10 մլրդ դրամ վարձավճար է տալիս Կառավարությանը պետական գույքը՝ խողովակների ցանցը, օգտագործելու համար:

ՀԾԿՀ-ն ամեն տարի մոտ 3-4 մլրդ դրամ հատկացնում է «Վեոլիա Ջրին» ներդրումային ծրագրերի համար: Այդ մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ միաժամանակ նշելով, որ միայն մայրաքաղաքում բոլոր խնդիրները լուծելու համար 3-4 մլրդ դրամը քիչ է:

Ավինյանը կարծում է՝ պետք է մեծ քանակով կոյուղատարեր կառուցել և ջրի կորստով հատվածներում համապատասխան ներդրումներ իրականացնել:

«Գայթակղությունը մեծ է՝ ասելու՝ ա՛յ, «Վեոլիա՛ Ջուր», դու ես միակ մեղավորը, բայց դա միակ ճշմարտությունը չի լինելու: Ճշմարտությունն այն է, որ պետք է ավելի մեծ ծավալով ներդրումներ իրականացնել այդ հնամաշ կոյուղագծերը (բոլորը բարոյապես մաշված են, որտեղ կպնում ես, տրաքում է), պետք է գումար դնել, այդ աշխատանքներն անել»,- ասաց Ավինյանը՝ նշելով, որ իր ասածը, այդուամենայնիվ, թող արդարացում չհնչի հօգուտ «Վեոլիա Ջրի», քանի որ ընկերությունը կարող է ավելի լավ աշխատել:

Ավինյանը նաև նշեց, որ տարեկան հավելյալ մոտ 10 միլիարդ դրամ է հարկավոր հանրապետության ամբողջ ցանցում ներդրումներ անելու համար, նաև նշեց, որ այս մասով Կառավարության հետ քննարկում կա:

«Քննարկումների հիմնական տրամաբանությունն այն է, որ այդ վարձավճարը ուղղվի դեպի ներդրումներ»,- ասաց Ավինյանը:

Կիսվեք այս հոդվածով