Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ այսօր՝ հուլիսի 24-ին, տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի հերթական նիստը։ Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից:
Նախքան օրակարգային հարցերի քննարկումը համառոտ անդրադարձ է կատարվել նախորդ նիստերի ընթացքում ընդունված որոշումների կատարման ընթացքին, առանձին ուղղություններով փոխվարչապետի կողմից տրվել են համապատասխան հանձնարարականներ:
Նիստի ընթացքում քննարկվել են գործարար միջավայրի բարելավման տեսանկյունից կարևորություն ներկայացնող մի շարք հարցեր, այդ թվում՝ ներդրումային ծրագրերի շրջանակներում հողամասերի նպատակային նշանակության փոփոխման հետևանքով առաջացող կադաստրային արժեքների տարբերությունը տարաժամկետ վճարելու հնարավորության, ինչպես նաև սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների գործունեության ճկունության ապահովման համար անհրաժեշտ և ձևավորված գործարար պրակտիկային համապատասխան կարգավորումների ներդրմանն առնչվող հարցեր:
Խորհրդի անդամների կողմից անդրադարձ է կատարվել նաև փոքր և միջին ձեռնարկությունների գործունեության տեսանկյունից կարևորություն ներկայացնող խնդիրների քարտեզագրման և հասցեագրման գործող մեխանիզմների լավարկման անհրաժեշտությանը՝ նախանշելով այս ուղղությամբ առաջիկա անելիքները:
Փոխվարչապետի գլխավորությամբ գործող ՓՄՁ զարգացման խորհրդի համակարգմամբ և մասնագիտական աջակցությամբ զբաղվում է ՎԶԵԲ-ի Հայաստանի ներդրումային խորհուրդը, որը ֆինանսավորվում է Միացյալ Թագավորության կառավարության «Լավ կառավարման հիմնադրամի» կողմից:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում