Մայիսի վերջին Կենտրոնական բանկը հանրային քննարկման ներկայացրեց կրիպտոակտիվների մասին օրենքի նախագիծը, որով առաջին անգամ փորձ է արվում կարգավորել կրիպտոարժույթի շուկան Հայաստանում։
Նախագիծը 1 ամսում հավաքել է 207 քվեարկություն, որից 198-ը դեմ է քվեարկել։
Նախագիծը բուռն քննարկումների առիթ է դարձել կրիպտոարժույթի շուկայում աշխատողների շրջանում։
Banksnews.am-ը զրուցել է առաջարկված նախագծի ու դրա շուրջ հնչող դժգոհությունների մասին Կենտրոնական բանկի Ֆինանսական համակարգի կարգավորման վարչության արժեթղթերի շուկայի կարգավորման բաժնի պետ Վիգեն Շահնազարյանի հետ։
– Եթե ամփոփ ներկայացնենք, ի՞նչ պահանջներ են սահմանվում կրիպտոակտիվների շուկայում գործունեություն ծավալողների համար։
– Պահանջները տարբեր են, սկսած՝ ղեկավարների նկատմամբ պահանջներից, կարող են լինել նաև տեխնիկական պահանջներ, օրինակ՝ տարածքի նկատմամբ, կառավարման մարմինների վերաբերյալ, օրինակ, ներքին աուդիտի պահանջ կարող է լինել, հաշվետվողականության պահանջներ կան, հաճախորդի վերաբերյալ տեղեկությունների բացահայտում և այլն։
– Արդյո՞ք առաջարկվող փոփոխությունները չեն խոչընդոտի բիզնեսի որոշ տեսակներին ու դաշտից դուրս չեն թողնի փոքր խաղացողներին։
– Մենք բազմիցս շեշտել ենք, որ առաջնորդվում ենք «նույն ռիսկ-նույն կարգավորում» սկզբունքով։ Այսինքն՝ եթե կրիպտոակտիվով ծառայություն մատուցող անձը մատուցում է նույն ֆինանսական ծառայությունը՝ ավանդական ֆինանսական ծառայությունների նման ծառայություններ, բնականաբար դա կապված է նմանատիպ ռիսկերի հետ և պետք է կարգավորվի նմանատիպ ձևով։ Առաջարկն ուղղված չէ ամբողջ ոլորտի կարգավորմանը, ոլորտում գործունեության տեսակները բազմաթիվ են, սակայն մենք չենք առաջարկում կարգավորել տեխնոլոգիաները, այլ՝ ֆինանսական ծառայությունը պետք է կարգավորվի ֆինանսական ծառայության պես՝ անկախ դրա հիմքում ընկած տեխնոլոգիայից։ Եվ պետք է հաշվի առնենք, որ ֆինանսական ծառայությունների մասին խոսելիս գործ ունենք հանրության միջոցների հետ և կան նվազագույն պայմաններ, որոնց պետք է բոլորը բավարարեն։ Այդ պահանջները համահունչ են այն ռիսկերին, որոնց առնչվում են այդ ֆինանսական ծառայություններ առաջարկող կազմակերպությունները։ Այդ ռիսկերը հիպոթետիկ ռիսկեր չեն, այլ աշխարհի փորձը ցույց է տալիս, որ դրանք առարկայանում են հատկապես կարգավորման բացակայության պայմաններում։ Այդ պահանջները նույնը չեն բոլոր տեսակի ծառայություններ մատուցողների համար։ Կան պահանջներ, որոնք ստանդարտ են բոլորի համար, օրինակ՝ լիցենզավորման պահանջը, բայց տարբեր ծառայություններ մատուցողների համար պահանջները ելնում են տվյալ ծառայության առանձնահատկություններից։
– Կնշե՞ք` ինչ ռիսկերի մասին է խոսքը։
– Խոսքը փողերի լվացման, ահաբեկչության ֆինանսավորման հետ կապված ռիսկերի մասին է, հաճախորդների պաշտպանության հետ կապված խնդիրներ, մասնավորապես՝ ոչ թափանցիկ վարքագիծը, շահերի բախումներով կառավարման մոդելները, հաճախորդների միջոցների ոչ պատշաճ պաշտպանությունը և այլն։ Բազմաթիվ երկրներում ունենք դեպքեր, երբ մարդիկ կրել են միլիոնավոր դոլարների վնասներ։
– Նախագիծը կազմելիս արդյո՞ք հաշվի առնվել են ոլորտի ներկայացուցիչների առաջարկները։
– Երբ Կենտրոնական բանկը ձևակերպել է իր մոտեցումները և տեսլականը, կարգավորման վերաբերյալ նախաձեռնել է հանդիպումներ շահագրգիռ կողմերի հետ։ Մասնավոր հատվածի հետ հանդիպել ենք 3 անգամ, ներկայացրել ենք մեր տեսլականը, կարգավորման մոտեցումները, լսել ենք և քննարկել ենք իրենց կողմից ներկայացված հարցերն ու մտահոգությունները, այնուհետև նախագիծը հրապարակվել է։ Մասնավոր հատվածը հնարավորություն է ունեցել ներկայացնելու արդեն ավելի առարկայական դիտողություններ և առաջարկներ։ Բնական է, որ մասնավոր հատվածի մոտ դեռևս կան մի շարք մտահոգություններ ու հարցեր, և դրանք հիմնականում վերաբերում են կարգավորման խորությանը, և իրենք կարծում են, որ պետք է լինի շատ թեթև կարգավորում, իսկ մենք կարծում ենք, որ դրանով խնդիրները չեն լուծվում։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում