Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Վաղարշապատի քաղաքապետ Դիանա Գասպարյանին 300 հազար դրամով տուգանել է շահերի բախմանն առնչվող գործողություներ կատարելու համար։ Որոշումը կայացվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նիստում։
«Գասպարյանը, որպես համայնքի ղեկավար, իր լիազորությունների շրջանակում կայացրել է որոշումներ՝ օրենքի իմաստով իր հետ փոխկապակցված անձի՝ իր ամուսնու մոր բաժնեմասնակցությամբ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով հողամասի գործառնական նշանակությունը փոխելու վերաբերյալ և անշարժ գույքը բաժանելու և բաժանված գույքային միավորները հասցեավորելու վերաբերյալ: Միաժամանակ, ընդունել է թվով 20 որոշումներ՝ «Նարե պյուս» ՍՊԸ-ի- տնօրեն Ռուզաննա Ասատրյանին շինարարության թույլտվություններ տրամադրելու վերաբերյալ, ով հանդիսանում է իր ամուսնու մայրը»,-
մասնավորապես նշված է որոշման մեջ:
Հանձնաժողովը գտնում է, որ Դիանա Մնացականի Գասպարյանի դիրքորոշումն առ այն, որ Ռուզաննա Ասատրյանը չի կարող հանդիսանալ իր հետ փոխկապակցված անձ, քանի որ ինքը վերջինիս հետ համատեղ չի բնակվում և վարում է առանձին տնտեսություն, անհիմն է։
Ըստ ԿԿՀ հանձնաժողովի՝ Դիանա Գասպարյանը պարտավոր էր ձեռնպահ մնալ գործողություն կատարելուց, տվյալ պարագայում վերոնշյալ որոշումների ընդունումից, և Օրենքով սահմանված ժամկետում հայտարարություն ներկայացնել հանձնաժողով: Մինչդեռ, վարույթի մասնակիցն օրենքով սահմանված ժամկետում ոչ միայն Հանձնաժողով չի ներկայացրել նշված հայտարարությունը, այլն, որպես համայնքի ղեկավար, իր լիազորությունների շրջանակում, կատարել է գործողություն՝ ընդունելով որոշումներ իր հետ փոխկապակցված անձի և վերջինիս բաժնեմասնակցությամբ առևտրային կազմակերպության օգտին՝ այդ կերպ հայտնվելով Օրենքի իմաստով շահերի բախման իրավիճակում։
Ինչ վերաբերում է Դիանա Մնացականի Գասպարյանի կողմից ներկայացված դիրքորոշմանը, համաձայն որի՝ ինքը չի կատարել այնպիսի գործողություն կամ անգործություն, որն առերևույթ հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել շահերի բախման իրավիճակի առաջացման, քանի որ նշված որոշումները կայացնելիս առաջնորդվել է բացառապես համայնքային շահով, հանձնաժողովն արձանագրում է, որ յուրաքանչյուր իրավիճակում, երբ վերադաս չունեցող պաշտոնատար անձի գործողությունը կարող է ազդել վերջինիս պաշտոնեական պարտականությունների անաչառ և օբյեկտիվ կատարման վրա, նշված իրավիճակի լուծման կապակցությամբ պաշտոն զբաղեցնող անձը պետք է գրավոր հայտարարություն ներկայացնել Հանձնաժողով, որն առաջարկում է ձեռնարկել իրավիճակի լուծմանն ուղղված քայլեր:
Եթե Հանձնաժողովը եզրահանգում է, որ նշված իրավիճակում առկա չէ շահերի բախում, ապա այդ դեպքում Հանձնաժողովն առաջարկում է շարունակել կամ վերսկսել պարտականությունների անաչառ և օբյեկտիվ կատարումը: Իսկ մինչ Հանձնաժողովի կողմից իրավիճակի լուծմանն ուղղված քայլերի վերաբերյալ առաջարկ ներկայացնելը, պաշտոն զբաղեցնող անձը պարտավոր է ձեռնպահ մնալ հարցի վերաբերյալ գործողություն կատարելուց կամ որոշում կայացնելուց:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում