Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչությունը հունիսին մայրաքաղաքում՝ չորրորդ ռիսկայնության 27 շինհրապարակներում, որտեղ ընդհանուր առմամբ տեղադրված է 54 սարք, իրականացրել է մշտադիտարկում:
Պարզվել է՝ օդի աղտոտվածության միջակայքը տատանվել է «ցածրից միջին», և միայն շատ հազվադեպ՝ 1-2 էպիզոդիկ դեպքով, անցել է բարձր աղտոտվածության մակարդակը: Այդ մասին զեկուցվեց Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ:
Վարչության աշխատակիցներն այցելել են շինհրապարակներ՝ նախազգուշացում և տեղատեսում իրականացնելու: Երեք դեպքերից մեկում պարզվել է, որ սարքը տեղադրված է այնպես, որ հարում է ճանապարհին, և ավելի շատ կլանում է տրանսպորտի արտանետած գազերը:
Անդրադառնալով թեմային՝ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը նախ նշեց, որ օդի աղտոտվածության ցուցանիշներին կարելի է հետևել առցանց տարբերակով, ապա անդրադարձավ նաև այդ մասով տուգանքներին:
«Չորրորդ ռիսկայնության շատ ավելի շատ շինարարություններ ունենք քաղաքում, և այդ շինարարություն իրականացնողները սխալվում են, որ կարծում են՝ այստեղ միայն տուգանքի խնդիրն է։ Իրենք շատ ավելի շատ ու խոր խնդիրներ են ունենալու, եթե պատշաճ կահավորում չիրականացնեն։ Եվս մեկ անգամ ուզում եմ հատուկ շեշտել ու բարձրաձայնել, քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչությանն էլ խնդրում եմ վարչական շրջանների հետ այս հարցին շատ խիստ մոտենալ, իսկ շինարարություն իրականացնողներին, եթե, կրկին ասում եմ, թվում է՝ միայն տուգանքի խնդիրն է, կվճարեն, և խնդիր չի լինի, չարաչար սխալվում են: Իրապե՛ս, չարաչար սխալվում են»,- ասաց Ավինյանը և հավելեց՝ եթե Երևանի ավագանին որոշում է կայացրել, այդ որոշման չիրականացումը պետք է խստագույնս պատժվի:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում