ԵՄ-ն 10 մլն եվրոյի չափով օգնություն է տրամադրել Հայաստանին. հայտնի է ինչու

1 Min Read
ԵՄ-ն 10 մլն եվրոյի չափով օգնություն է տրամադրել Հայաստանին վրաններ գնելու համար։
Այս մասին ասվում է Եվրամիության պաշտոնական կայքում։
«ԵՄ-ն առաջին անգամ է որոշում կայացրել Հայաստանին Խաղաղության եվրոպական հիմնադրամից օգնելու վերաբերյալ։ Այս որոշման նպատակն է բարձրացնել Հայաստանի զինված ուժերի նյութատեխնիկական կարողությունները և նպաստել ճգնաժամային և արտակարգ իրավիճակներում խաղաղ բնակչության պաշտպանության ամրապնդմանը: Օգնության փաթեթը նպատակ ունի նաև բարձրացնել Հայաստանի դիմակայունությունը և արագացնել նրա զինված ուժերի փոխգործունակությունը՝ միջազգային, այդ թվում՝ ԵՄ ռազմական առաքելություններին և գործողություններին երկրի հնարավոր հետագա մասնակցության դեպքում»,- նշված է խորհրդի հաղորդագրությունում:
Աջակցությունը թույլ կտա մեկ գումարտակի համար ապահովել լիարժեք վրանային ճամբար: ԵՄ արտաքին քաղաքական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը վրանների տրամադրումն անվանել է «ԵՄ-Հայաստան ռազմատեխնիկական համագործակցության կարևոր քայլ»: Նա հույս է հայտնել, որ այդ համագործակցությունը հետագայում կզարգանա: Բորելի խոսքով՝ Հայաստանի հետ երկկողմ հարաբերություններում անվտանգությունը կարևոր տարր է։
Բարձր ներկայացուցիչը նշել է, որ ԵՄ-ն փոխադարձ շահագրգռվածություն ունի ավելի ընդլայնելու իր երկխոսությունը արտաքին և անվտանգության քաղաքականության վերաբերյալ՝ նաև դիտարկելով Հայաստանի ապագա մասնակցությունը ԵՄ-ի գլխավորած առաքելություններին և գործողություններին։

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով