Անհրաժեշտ է քաղաքը համալրել հեղեղատար նոր համակարգով․ Կամո Արեյան

2 Min Read

Անհրաժեշտ է քաղաքը համալրել հեղեղատար նոր համակարգով:

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանը հետաքրքրվել է, թե ինչ է արվում անձրևատար համակարգում նկատված խնդիրների լուծման ուղղությամբ։

Քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը նշել է, որ վերջին տեղումների ընթացքում նորից մայրաքաղաքում գրանցվել են բազմաթիվ դեպքեր փողոցներում, անցումներում, ստորգետնյա հատվածներում, կամրջային հատվածներում, նույնիսկ մետրոպոլիտեն մակերեևութային ջրերի ներթափանցման դեպքեր։

«Սա՝ ոչ որպես արդարացում, այլ օբյեկտիվ երևույթ։ Տեղումների քանակը մեծ է և գերազանցում է նորման։ Ցանկացած համակարգ նման գերնորմատիվային տեղումների դեպքում կարող է չընդունել ամբողջությամբ, թողունակությունը չհերիքել, և առաջանում են ջրականգեր։ Ձեր հանձնարարությամբ, հաշվի առնելով քաղաքային հեղեղատար մակերևութային ջրերի անձրևընդունիչ համակարգի ֆիզիկական վիճակը և կառուցվածքը՝ այո, հիմնավորում ենք, որ անհրաժեշտ է քաղաքը համալրել հեղեղատար նոր համակարգով։ Ամիս առաջ Ձեր տված հանձնարարականը կատարված է, ամբողջությամբ իրականացվել են գույքագրման աշխատանքներ երկու կտրվածքով, առաջին՝ բացառապես գոյություն չունեցող համակարգի կառուցման խնդիրը և եղած ոչ թողունակ կամ քայքայված, կիսատ գործող համակարգի վերակառուցման խնդիրը, երրորդը՝ միաժամանակ ըստ վարչական շրջանների գույքագրվել է բակային տարածքներում գործող և չգործող հեղեղատար համակարգի վիճակը։ Բակային տարածքներում հեղեղատար համակարգը ենթադրել է ֆիզիկական միջամտություն տարբեր տարիների ընթացքում և գործում է գրեթե 40 տոկոսով»,- ասել է նա։

Անդրադառնալով այս հարցում «Վեոլիա ջուր» ընկերության պատասխանատու դերին՝ Արեյանը նշել է, որ ընկերությունը պետք է ուժեղացնի սպասարկումը, մաքրման պարբերականությունը պետք է մեծանա:

«Այս հեղեղատար անձրևների ընթացքում բերվածք է գալիս և նստում անձրևընդունիչ համակարգի վրա, որի մաքրումը արդեն նույնիսկ շաբաթական հաճախականություն է պահանջում, ուստի խնդիր ենք դրել որ առավելագույնս ուշադրություն դարձվի այս համակարգին և անձրևընդունիչ ցանցը մաքրվի ավելի մեծ հաճախականությամբ»,- ասել է Արեյանը։

Կիսվեք այս հոդվածով