Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հուլիսի 19-ին այցելել է Սյունիքի մարզի մի շարք համայնքներ՝ տնտեսության ոլորտում առկա խնդիրներին տեղում ծանոթանալու նպատակով։
Շրջայցին մասնակցել են նաև նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը և ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Համբարձումյանը։ Այդ մասին հայտնում են նախարարությունից:
Նախարարի առաջին կանգառը Սրաշեն համայնքում էր։ Բնակիչների հետ հանդիպման ընթացքում Գևորգ Պապոյանն ընդգծել է, որ պետությունը մշտապես նրանց կողքին է և պատրաստ է քայլեր ձեռնարկել համայնքների զարգացման ու տնտեսական կայունության ապահովման ուղղությամբ։
Այնուհետև նախարարն այցելել է Շիկահող և Ճակատեն համայնքներ, որտեղ նույնպես պատասխանել է բնակիչներին հուզող հարցերին, տվել պարզաբանումներ ոլորտում իրականացվող պետական օժանդակության ծրագրերի և դրանցից օգտվելու պայմանների վերաբերյալ։
Համայնքային հանդիպումների ընթացքում բարձրացված խնդիրներն ու առաջարկները կհավաքագրվեն և կփոխանցվեն նախարարության պատասխանատուներին՝ հանգամանորեն ուսումնասիրելու և հնարավոր լուծումները գտնելու նպատակով։