Մայիսի 14-ին ոստիկանության Ախուրյանի բաժնում հաղորդում տված քաղաքացին հայտնել էր, որ փետրվար ամսից մայիսի 14-ն ընկած ժամանակահատվածում հորաքրոջ տղայի՝ Վահրամաբերդ գյուղի տնից գողացել են ոսկյա զարդեր՝ պատճառելով մոտ 1 միլիոն դրամի նյութական վնաս:
Ախուրյանի ոստիկանները պարզել էին, որ անհայտ անձը հանել էին վերոհիշյակ տան տանիքի պատուհանի ապակին, մուտք գործել տանիք և այնտեղից գողացել ընդհանուր մոտ մեկ միլիոն դրամ արժողությամբ ոսկյա զարդեր:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել էին Շիրակի մարզային քննչական վարչություն:
Նախաձեռնվել էր քրեական վարույթ: Հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումներն ու քննչական գործողությունները տրամաբանական ավարտին հասան երկու ամիս անց:
Հուլիսի 17-ին գողությունը կատարելու կասկածանքով ձերբակալվեց և ոստիկանության Ախուրյանի բաժին տեղափոխվեց Քեթի բնակավայրի բնակիչ 35-ամյա տղամարդը:
Բաժնում նա խոստովանեց, որ Վահրամաբերդ գյուղի տնից ոսկյա զարդերը գողացել է ինքը, այնուհետև 680 000 դրամով վաճառել Երևան քաղաքի ոսկյա զարդերի առուվաճառքի կետերից մեկում: Նա ներկայացվել է Ախուրյանի քննչական բաժին, որտեղ տվել է խոստովանական ցուցմունք:
Քեթիի 35-ամյա բնակիչը ձերբակալվել և տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Նախաքննությունը շարունակվում է:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում