ՀՀ կառավարության նիստում հաստատվել են նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատությունների 2024/2025 ուսումնական տարվա անվճար ուսուցմամբ (նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ) ընդունելության տեղերն ըստ մասնագիտությունների, ինչպես նաև առաջնահերթ և կարևոր ոլորտների մասնագիտությունների ցանկը և քանակը:
ՀՀ կառավարության կողմից անվճար ուսուցման (նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ) ընդունելության տեղերի հատկացումը նպատակ ունի խրախուսել բարձր առաջադիմություն ունեցող դիմորդներին, ինչպես նաև պատրաստել մասնագետներ` ելնելով ՀՀ աշխատաշուկայի պահանջներից և ապահովել պարտադիր միջնակարգ կրթությունը:
Կառավարության որոշմամբ՝ 6064 տեղ է հատկացվել ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող միջին մասնագիտական ուսումնական հաստատություններին, իսկ նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրով` 3312:
Որոշմամբ նախատեսված նախնական (արհեստագործական) կրթական ծրագրով անվճար ուսուցմամբ (նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ) ընդունելության տեղերը հատկացվելու են 55 ուսումնական հաստատության` 45 մասնագիտությամբ, իսկ միջին մասնագիտական կրթական ծրագրով` 75 ուսումնական հաստատության` 116 մասնագիտությամբ:
Որոշման նախագիծը մշակելիս հաշվի են առնվել ուսումնական հաստատությունների աշխատաշուկայի պահանջարկից ելնելով մասնագետների պատրաստման հնարավորությունները (լիցենզիա, նյութատեխնիկական բազա, համապատասխան մասնագետներ), ինչպես նաև հաստատություններին հատկացվելիք, ըստ մասնագիտությունների, տեղերի նվազագույն քանակի ապահովումը: Որոշմամբ նախատեսված անվճար ուսուցման տեղերն առաջնայինը կհատկացվեն ՀՀ մարզերում գործող ՄԿՈւ հաստատություններին:
ՀՀ օրենսդրությամբ սահմանված արտոնություն ունեցող դիմորդները նախնական և միջին մասնագիտական կրթական ծրագրով քննությունները դրական հանձնելու կամ վճարովի ուսուցման առնվազն անցումային միավոր ունենալու դեպքում ընդունվում են մրցույթից դուրս պահուստային տեղերի հաշվին, որի նպատակով 2024/2025 ուսումնական տարվա համար նախատեսվել է նախնական (արհեստագործական) կրթական ծրագրով 320 պահուստային տեղ, իսկ միջին մասնագիտական կրթական ծրագրով՝ 238 պահուստային տեղ:
Նախնական (արհեստագործական) կրթական ծրագրով նախատեսված պահուստային տեղերից նախատեսվում է նաև տրամադրել փորձարարական կարգով ներդրված, մասնավորապես` «Վերականգնվող էներգիայի էներգետիկ կայանների մոնտաժում, նորոգում և սպասարկում», «Հարդարման շինարարական աշխատանքների իրականացում», «Զարդակիրառական նշանակության կաշվե գեղարվեստական իրերի պատրաստում», «Կահույքի արտադրության տեխնոլոգիա», «Վերամբարձ-տրանսպորտային միջոցների տեխնիկական շահագործում» մասնագիտություններին:
Միջին մասնագիտական կրթական ծրագրով նախատեսվում է շարունակել փորձարարական կարգով ներդրված` «Ռոբոտաշինություն», «Գյուղացիական (ֆերմերային) տնտեսության կազմակերպում», «Կաթիլային ոռոգման համակարգերի մոնտաժում և շահագործում», «Էլեկտրամոբիլային տրանսպորտի տեխնիկական սպասարկում և նորոգում», «Պրոթեզավորում, օրթեզավորում և վերականգնողական տեխնիկա», «Ավիացիոն սարքեր և համալիրներ», «Բազմուղի հեռահաղորդակցման համակարգեր», «Ավտոմատիկան, հեռուստամեխանիկան և կապը տրանսպորտում (ըստ տրանսպորտային տեսակների)», «Գինեգործություն» և «Ագրոնոմիա» մասնագիտությունների պահուստային տեղերի հատկացումը:
2024-2025 ուսումնական տարում նախատեսվում է ներդնել նաև ներքոնշյալ մասնագիտությունները.
Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրով.
- «Կաշվե իրերի արտադրության տեխնոլոգիա» մասնագիտության «Կարող՝ կաշվե իրերի» որակավորում,
- «Տրանսպորտային միջոցների շահագործում և նորոգում (ըստ տեսակների)» մասնագիտության «Էլեկտրիկ՝ ավտոմեքենաների ծրագրային արատորոշման և սպասարկման» որակավորում,
- Ապակու արտադրության տեխնոլոգիա» մասնագիտության «Օպերատոր՝ ապակու կտրման և մշակման արտադրության» որակավորում:
- Միջին մասնագիտական կրթական ծրագրով.
- «Կենսաքիմիական արտադրություն» մասնագիտության «Տեխնոլոգ` կենսաքիմիական արտադրության» որակավորում,
- «Փոխադրումների կազմակերպում և կառավարում տրանսպորտում (ըստ տրանսպորտի տեսակների)» մասնագիտության «Տեխնիկ-շահագործող՝ երկաթուղային տրանսպորտում փոխադրումների կազմակերպման և կառավարման» որակավորում,
- «Փոխադրումների կազմակերպում և կառավարում տրանսպորտում (ըստ տրանսպորտի տեսակների)» մասնագիտության «Տեխնիկ-կարգավար՝ օդային տրանսպորտում փոխադրումների կազմակերպման և կառավարման» որակավորում,
- «Երկրորդային հումքի վերամշակում» մասնագիտության «Տեխնոլոգ՝ երկրորդային հումքի վերամշակման տեխնոլոգիական գործընթացի» որակավորում,
- «Համակարգչային գրաֆիկա» մասնագիտության «Դիզայներ՝ համակարգչային գրաֆիկայի» որակավորում:
Վերոնշյալ մասնագիտությունները ներդրվելու են շուրջ 28 ուսումնական հաստատություններում:
Որոշմամբ սահմանվել է նաև պետության համար կարևոր և առաջնահերթ մասնագիտությունների ցանկը. այդ մասնագիտություններով ընդունվածներին նախատեսվում է տրամադրել բարձր կրթաթոշակ:
Մասնագիտություններն ընտրվել են հետևյալ սկզբունքներից ելնելով՝
- պետության համար առաջնահերթ նշանակություն ունեցող ոլորտներ, ինչպիսիք են՝ գյուղատնտեսությունը, շինարարությունը, արդյունաբերությունը,
- տվյալ ոլորտների շրջանակում այն մասնագիտությունները, որոնց պարագայում չեն համալրվում ամեն տարի տրամադրվող պետության կողմից ֆինանսավորվող կամ անվճար տեղերը, և որոնցով գրանցվում է աշխատաշուկայի մեծ պահանջարկ:
ՀՀ կառավարության կողմից յուրաքանչյուր տարի հաստատված առաջնահերթ և կարևոր ոլորտների մասնագիտությունների ցանկով հիմնական կրթության հիմքով ընդունված ուսանողներին առաջին կուրսում տրամադրվում է 50 000 դրամի չափով կրթաթոշակ, իսկ հաջորդ կուրսերում՝ նախորդ ուսումնական տարվա արդյունքներով. միայն «գերազանց» և (կամ) «լավ» գնահատականներ ունենալու դեպքում՝ 50 000 դրամի չափով, իսկ 75 տոկոսից ոչ պակասը «գերազանց» և (կամ) «լավ» գնահատականներ ունենալու դեպքում՝ 40 000 դրամի չափով:
«Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» կամ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքներով սահմանված սոցիալական խմբի, ինչպես նաև սահմանամերձ և բարձրլեռնային բնակավայրերի ուսումնական հաստատության ուսանողներին գերազանց առաջադիմության դեպքում տրվում է 25 000 դրամի չափով կրթաթոշակ:
Գերակա ոլորտ հանդիսացող մասնագիտությամբ հիմնական կրթության հիմքով ընդունված ուսանողին, որն ունի գերազանց առաջադիմություն, տրամադրվում է լրացուցիչ 5000 դրամ կրթաթոշակ:
Հաշվի առնելով, որ առաջնահերթ մասնագիտություններով ընդունելություն կազմակերպվել է մեկ տարի՝ ԿԳՄՍ նախարարությունը նպատակահարմար է համարել 2024-2025 թվականի համար առաջնահերթ մասնագիտությունների էական փոփոխություն չկատարել: Ցանկը ավելացել է միայն «Սև և գունավոր մետաղների ձուլման արտադրություն» մասնագիտությամբ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում