ԱՄՆ-ի, ԵՄ-ի, Ավստրալիայի և այլ երկրների ավիաընկերությունների աշխատանքում գլոբալ խափանումներ են տեղի ունեցել, ինչը պայմանավորված է Windows օպերացիոն համակարգի անսարքությամբ:
Այս մասին հայտնում է Forbes-ը:
Ամերիկյան խոշորագույն ավիաընկերությունները՝ American Airlines-ը, United Airlines-ը, Delta Airlines-ը և Frontier Airlines-ը, արդեն հայտարարել են խափանման պատճառով թռիչքների դադարեցման մասին։ Թուրքիայի խոշորագույն ավիաընկերությունը՝ Turkish Airlines-ը, նույնպես հայտնել է գլոբալ խափանման մասին, որը խնդիրներ է առաջացրել տոմսերի ամրագրման և գրանցման հետ կապված:
Նույն իրավիճակն է Հնդկաստանի և Գերմանիայի մի շարք օդանավակայաններում: Նշվում է, որ Իսպանիայի բոլոր օդանավակայաններում տեղի է ունեցել «համակարգչային համակարգերի հետ կապված միջադեպ»:
Մեծ Բրիտանիայի մի քանի օդանավակայաններ նույնպես ստիպված են եղել դադարեցնել թռիչքները։ Նշվում է, որ խափանումներ են առաջացել նաև տարբեր երկրների բանկերի և հեռուստաալիքների, այդ թվում՝ բրիտանական Sky News հեռուստալիքի աշխատանքում:
Բոլոր Windows համակարգիչները, որոնց վրա տեղադրված է CrowdStrike ծրագիրը, չեն աշխատում։ Երևում են միայն կապույտ էկրանները: Սարքերը և սերվերները, որոնց վրա այն տեղադրված է, «անջատվում են ցանցից և անցնում վերագործարկման փուլ»:
Microsoft-ը հայտնել է, որ Windows համակարգի լայնածավալ խափանումը փորձում են վերացնել իսկ ծառայությունները վերականգնվում են:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում