Ամառային ծանրաբեռնված սեզոնին ընդառաջ ավելացող չվերթերի և մեծ ուղևորահոսքի ֆոնին ուղևորներին հնարավորինս արագ սպասարկելու ուղղությամբ «Զվարթնոց» օդանավակայանը նախաձեռնում է բոլոր անհրաժեշտ միջոցները։
Հերթերը կառավարելու համար օդանավակայանը համալրվում է անհրաժեշտ քանակությամբ աշխատակիցներով, ինչպես նաև իրականացնում է համակարգված աշխատանք սահմանապահ ծառայության հետ, որն օդանավակայանի ծառայություն չի հանդիսանում:
Այդ մասին ասված է «Զվարթնոց» օդանավակայանի Ֆեյսբուքի էջում:
«Հիշեցնենք, որ նախորդ տարի օդանավակայանը սպասարկել է ռեկորդային թվով ուղևորներ՝ ավելի քան 5.3 մլն: Չնայած դրան՝ մենք ամեն ջանք գործադրում ենք այս ներհոսքը կառավարելու և ուղևորներին հաճելի ճանապարհորդական փորձ ապահովելու համար: Եղանակային պայմաններից ելնելով և ավիաընկերությունների չվացուցակում տեղի ունեցող փոփոխությունների արդյունքում չվերթերի կուտակումն առաջացնում է ոչ պլանավորված խցանում, քանի որ տարբեր օպերատիվ պայմաններից ելնելով չվերթերը ուշ կամ շուտ են ժամանում: Արդյունքում՝ սահմանային անցակետում գոյանում են մեծ հերթեր»,- նշված է գրառման մեջ:
Օդանավակայանից նշում են, որ իրենց լիազորությունների շրջանակներում իրենց թիմն արել և անում է հնարավոր ամեն ինչ ավելացած երթևեկությունն ավելի արդյունավետ կառավարելու համար և հավատարիմ է ուղևորների փորձի բարելավմանն ու ուսումնասիրում է տարբեր լուծումներ: