Ընթերցողին կթվա, թե Շրի Լանկան Հայաստանից շատ մեծ հեռավորության վրա է գտնվում, և ինչ հետաքրքիր է՝ ինչ է կատարվում այդ երկրում, այն պարագայում, երբ մենք մեր սեփական խնդիրներն ունենք։ Սակայն, պետք է հիասթափեցնենք մեր ընթերցողներին և նշենք, որ Շրի Լանկան ավելի մոտ է Հայաստանին, քան երբևէ։ Մյուս կողմից՝ թե՛ Հայաստանում, թե՛ Շրի Լանկայում առկա են գրեթե նույն խնդիրները:
Օրինակ, հիշենք կոռումպացված եղբայրների իշխանությունը, որն ամբողջությամբ կազմալուծել էր Շրի Լանկան և կազմաքանդել տնտեսությունը։ Ներկայումս դավաճան եղբայրները գտնվում են փախուստի մեջ։
Բացի այդ, թե՛ Հայաստանում, թե՛ Շրի Լանկայում առկա է հսկայական արտաքին պարտք, որը, անպատասխանատու կառավարիչների քաղաքականության արդյունքում, միայն աճում է։ Իսկ այս ամենի համար վճարում են սովորական քաղաքացիները։
Շրի Լանկայի նոր իշխանությունները փորձում են փոքր-ինչ շունչ հաղորդել տնտեսությանը և, առաջին հերթին, սկսել են արտաքին պարտքից։ Այստեղ կառավարությանն օգնության են եկել միջազգային ճանաչում ունեցող Լազարդ խորհրդատվական ընկերությունը և «Clifford Chance» -ի միջազգային իրավաբանները։ Վերջիններիս ցուցմամբ կառավարությունը դիմել է Արժույթի Միջազգային հիմնադրամին։ Արդյունքում՝ $2,9 մլրդ տրամադրելու մասով համաձայնություն է ձեռք բերվել Շրի Լանկայի իշխանությունների հետ, սակայն նախ և առաջ երկիրը պետք է բանակցի երեք խոշոր պարտատերերի հետ․
Գծապատկեր 1․ Աշխարհի խոշորագույն պարտատերերը
Ինչպես տեսնում ենք, խոշոր պարտատերեր են համարվում Հնդկաստանը, Չինաստանը և Ճապոնիան։ Միանշանակ, բարդ բանակցություններ են սպասվում, քանի որ պարտատերերից յուրաքանչյուրը Շրի Լանկային ֆինանսավորելու համար սեփական նախապայմաններն է առաջ քաշելու։ Մինչ բանակցությունները ընթանում են, Շրի Լանկան շարունակում է ապրել պարտքային մեծ լծի տակ․
Գծապատկեր 2․ Շրի Լանկայի պարտքի տատանողական ծավալները
Վերջին տվյալներով՝ Շրի Լանկայի արտաքին պարտքը տատանվում է $85-$100 մլրդ -ի սահմաններում։
Մի կողմ թողնենք պարտատերերի սպասվող քաղաքական պահանջները և հասկանանք՝ արդյոք Շրի Լանկայի տնտեսությանը փող տալը այդքան հեշտ գործ է․
Գծապատկեր 3․ Գործարար ակտիվության համաթիվը Շրի Լանկայում 2022թ․-ի հունիսի դրությամբ
Ցանկացած ֆինանսական ներդրում պահանջում է ռիսկայնության վերլուծություն։ Այս առումով կարևոր են մի շարք տնտեսական ցուցանիշներ, որոնք հնարավորինս հուշում են երկրի վիճակը։ Այս առումով Շրի Լանկայի գործարար ակտիվության համաթիվը թե՛ արտադրության, թե՛ ծառայությունների մասով հավատ չի ներշնչում։ Գծապատկեր 3-ում բերված թվերը հուշում են, որ երկրում տնտեսության վիճակը դեռևս չափազանց մտահոգիչ է։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում