Չիպեր արտադրող NVIDIA-ի, Taiwan Semiconductor Manufacturing-ի և ASML Holding-ի բաժնետոմսերն այս տարի աճում էին, քանի որ ներդրողները արհեստական բանականության շուկայում «բումի» հույս ունեն:
Այնուամենայնիվ, չորեքշաբթի օրը նրանց աճը կտրուկ դանդաղել է, – գրում է Yahoo-ն, տեղեկացնում է investing.com-ը։
3 ընկերությունների բաժնետոմսերի արժեքներն ընկել են տարբեր պատճառներով՝ սկսած արտահանման սահմանափակումների հետ կապված ներդրողների մտահոգություններից մինչև տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերի պահանջարկի նվազում:
Աճը զսպող գործոններից է դեպի Չինաստան կիսահաղորդիչների արտադրության տեխնոլոգիաների արտահանման սահմանափակումների հնարավոր խստացումը։
Bloomberg-ը հայտնել է, որ Բայդենի վարչակազմը դիտարկում է ավելի կոշտ սահմանափակումներ, ներառյալ վերահսկողություն օտարերկրյա արտադրության այն ապրանքների վրա, որոնց մեջ օգտագործվում են նույնիսկ նվազագույն ամերիկյան տեխնոլոգիաներ։
Ներկայիս սահմանափակումներն արդեն ազդել են ամերիկյան ընկերությունների՝ իրենց արտադրանքը Չինաստանին վաճառելու հնարավորության վրա:
Nvidia-ի վաճառքները Չինաստանին նվազել են ՝ 2023 ֆինանսական տարվա 19% եկամտից մինչև 14%՝ 2024 թվականին:
Չորեքշաբթի օրը ASML-ի բաժնետոմսերի ամենակտրուկ անկումն է գրանցվել՝ իջնելով ավելի քան 12%-ով: Չիպային սարքավորումներ արտադրող հոլանդական բաժնետոմսերը նույնպես ճնշման տակ են հայտնվել երրորդ եռամսյակի համար կանխատեսումների հրապարակումից հետո:
Թեև ASML-ը գերազանցել է երկրորդ եռամսյակի եկամուտների և շահույթի ակնկալիքները, ընթացիկ եռամսյակի համար եկամտի կանխատեսումը վերլուծաբանների կողմից ոչ միանշանակ գնահատականների է արժանանում:
Չիպեր արտադրողների բաժնետոմսերի անկման վրա ազդել են նաև ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի մեկնաբանությունները, ով ասել է, որ «Թայվանը պետք է վճարի ԱՄՆ-ին Չինաստանի կողմից ցանկացած ագրեսիայից պաշտպանություն ստանալու համար»:
Նա նաև ասել է, որ Թայվանին բաժին է ըհասնում ԱՄՆ-ի չիպերի բիզնեսի «մոտ 100%-ը»:
Թրամփի մեկնաբանությունները պատճառ դարձան, որ չիպերի արտադրության և դիզայնի հսկա TSMC-ի բաժնետոմսերը չորեքշաբթի անկում ապրեցին ավելի քան 7%-ով:
Չիպեր արտադրող շատ արտադրողներ, ներառյալ Nvidia-ն, կախված են Թայվանից արտադրության համար: Կղզին, որը գտնվում է Չինաստանից արևելք, հանդիսանում է կիսահաղորդիչների արտադրության խոշոր հանգույց, որտեղ գտնվում է աշխարհի ամենաառաջադեմ չիպերի արտադրության հզորության մոտավորապես 92%-ը, ըստ ԱՄՆ Միջազգային առևտրի հանձնաժողովի:
Հարկ է նշել, որ կիսահաղորդիչներ արտադրող Intel (NASDAQ:INTC) և GlobalFoundries-ի բաժնետոմսերը նստաշրջանի ընթացքում թանկացել են։ Երկու ընկերություններն էլ համարվում են ԱՄՆ-ում չիպեր արտադրելու հարցում Բայդենի վարչակազմի ջանքերի շահառուներ։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում