ԱԺ պետական ծառայողները մեկ ամսում արդեն երկրորդ անգամ են պարգևատրվում

2 Min Read

ՀՀ ԱԺ պետական ծառայողները մեկ ամսում արդեն երկրորդ անգամ են պարգևատրվում: Այս մասին Banksnews.am-ը տեղեկանում է ԱԺ կայքից։

Ամսվա մեջ պարգևավճարի վերաբերյալ երկրորդ որոշումը ստորագրվել է հուլիսի 16-ին։ ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի պետական ծառայողները խրախուսվել են միանվագ դրամական պարգևատրմամբ։

«Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 22-րդ կետով եւ «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի 22-րդ հոդվածով` կարգադրում եմ. Ազգային ժողովի աշխատակազմի պետական ծառայողներին խրախուսել միանվագ դրամական պարգևատրմամբ: Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար–գլխավոր քարտուղար Դ. Առաքելյանին՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել համապատասխան վճարումների կատարումը»,– ասված է որոշման մեջ:

Որոշումը ստորագրել է ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։ Նա հուլիսի 16–ից փոխարինում է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին, որն արձակուրդ է գնացել։

Նշենք, որ որոշման մեջ հղված հոդված նախատեսում է, որ ԱԺ նախագահը պարգևատրում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատվո մեդալով, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատվոգրով, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի շնորհակալագրով, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի հուշամեդալով, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի հուշանվերով, ինչպես նաև խրախուսում է դրամական պարգևատրմամբ: Այսինքն՝ կարելի է ենթադրել, որ սա պարզապես խրախուսական պարգևատրում է ԱԺ նախագահի կողմից ԱԺ աշխատակազմին։

Նախորդ անգամ նրանք և պատգամավորները միանվագ պարգևատրվել էին Սահմանադրության օրվա առիթով։

Պարգևատրման գումարի չափը չի նշվում որոշման մեջ՝ հղում կատարելով հավելվածին։

Կիսվեք այս հոդվածով