Կառավարությունը 102 մլն եվրո վարկ կվերցնի առողջապահական ծառայություններից օգտվելու ֆինանսական խոչընդոտները նվազեցնելու համար

2 Min Read

Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև նախատեսվում է ստորագրել «Համընդհանուր առողջապահական ծածկույթի ծրագրի իրականացում» վարկային համաձայնագիրը, որով նախատեսվում է ՀՀ-ին տրամադրել 102,000,000 եվրո արժողությամբ վարկ։ Որոշման նախագիծը ներկայացված է Կառավարության առաջիկա նիստի օրակարգում։

Ծրագրի նպատակն է` բարելավել առաջնային բժշկական օգնության որակը և իրագործումը, բարձրացնել Վարկառուի առողջապահական ծախսերի արդյունավետությունը և նվազեցնել առողջապահական ծառայություններից օգտվելու ֆինանսական խոչընդոտները:

Ծրագիրը բաղկացած է հետևյալ բաղադրիչներից․

Արդյունքների ոլորտ 1. Բժշկական օգնության որակի բարելավում

Սույն բաղադրիչի ներքո նախատեսվում է առաջնային բժշկական օգնության ծառայությունների որակի բարելավում՝ Հայաստանում հիվանդությունների տարածվածության ամենաբարձր մակարդակն ունեցող հիմնական ոչ վարակիչ հիվանդությունները կանխարգելելու, հայտնաբերելու և վերահսկելու համար՝ ծառայությունների մատուցման բարեփոխումների միջոցով։

Արդյունքների ոլորտ 2. Վարկառուի առողջապահական ծախսերի արդյունավետության բարձրացում

Սույն բաղադրիչի ներքո նախատեսվում է ՀՀ առողջապահական ծախսերի արդյունավետության բարձրացում՝ անդրադառնալով կրիտիկական ծախսերի դրդապատճառներին, մասնավորապես՝ դեղագործական արտադրանքի համար կատարվող բարձր ծախսերին՝ բարեփոխումների միջոցառումների միջոցով։

Արդյունքների ոլորտ 3. Առողջապահական ծառայություններից օգտվելու ֆինանսական խոչընդոտների նվազեցում

Սույն բաղադրիչի ներքո նախատեսվում է բարեփոխումների միջոցառումների իրականացում, այդ թվում՝ ԱՀԱ Ծրագրի բյուջետային տողի համար պետական ֆինանսավորման ավելացում, գործառնական և կառավարման հիմքերի ստեղծում՝ անկախ պետական գնումների կազմակերպության և դրա կառավարման խորհրդի ստեղծման միջոցով՝ հեշտացնելու ԱՀԱ միջոցների էֆեկտիվ եւ արդյունավետ կառավարումը և առողջապահական ծառայությունների ռազմավարական գնումը, ինչպես նաև առողջապահական նպաստների փաթեթի արժեքի և վերանայման գնահատման գործիքի մշակում:

Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Համընդհանուր առողջապահական ծածկույթի ծրագրի իրականացում» վարկային համաձայնագրի նախագիծը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի համար առաջացնում է լրացուցիչ ֆինանսական պարտավորություններ։

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով