Եվրասիական զարգացման բանկը 2 մլն դոլար դրամաշնորհ կտա ՀՀ Կառավարությանը։ Այս հարցը ներառված է Կառավարության վաղվա նիստի օրակարգում։
«Հայաստանի Հանրապետության հանրային հատվածի կազմակերպությունների ֆինանսական հաշվետվությունների որակի բարձրացում» նախագծի ֆինանսավորման համար Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամի միջոցներից դրամաշնորհ տրամադրելու մասին համաձայնագիրը ստորագրվել է 2024 թվականի փետրվարի 6-ին:
Համաձայնագրով նախատեսվում է Եվրասիական զարգացման բանկի կողմից Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից Հայաստանի Հանրապետությանը տրամադրել 2.000.000 ԱՄՆ դոլարի չափով դրամաշնորհ:
Համաձայնագրով սահմանված Նախագծի նպատակը պետական միջոցների կառավարման արդյունավետության բարձրացումն է՝ Հայաստանի Հանրապետության նախարարությունների և դրանց ենթակա կազմակերպությունների հաշվետվողականության համակարգի կատարելագործման, ինչպես նաև հանրային հատվածի կազմակերպությունների բյուջետավորման գործընթացներում ներգրավված աշխատակիցների որակավորման բարձրացման միջոցով:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում