Սեպտեմբերի 13-ի առավոտյան հայ ժողովուրդն արթնացավ հերթական բոթից։ Ադրբեջանական ահաբեկչական ուժերը ներխուժել են Հայաստանի սուվերեն տարածք և կիրառելով ամենատարբեր տրամաչափի զինատեսակներ՝ ավերել են նաև բնակավայրեր։ Մենք բոլորս ականատես ենք լինում «խաղաղության» դարաշրջանին, որը քարոզվում է թուրք-հայկական բոլոր հնարավոր շրջանակներով։ Հայ ժողովուրդը երբեք չի հավատացել, չի հավատում և չի հավատալու թուրքերի հետ խաղաղության հնարավորությանը։ Կա մեկ հարց՝ այդ ի՞նչ խաղաղության բանակցություններ են, որոնց արդյունքում կորուստներ կրում է միմիայն Հայաստանը։ Ո՞վ է պատասխանատու այս նոր զոհերի համար։
Սահմաններնն ամրապնդելու փոխարեն իշխանությունները զբաղվում են ակադեմիական քաղաք կառուցելով։ Նորից դիմում են միջազգային հանրությանը՝ անտեսելով երկրում ստեղծված համատարած անտարբերությունն անվտանգության նկատմամբ։ Պաշտպանության կազմակերպման ներկայացուցիչը օտար, ամայի ափերում է դեգերում, օրենսդիր մարմինը ինչ-որ հռչակագրեր է ընդունում, իսկ գլխավորը ներկայացնում է հակառակորդի երազանքները։ Ամբողջ հանրապետությունը պետք է անցնի ինքնապաշտպանության, քանի որ թշնամին արագ քայլերով մեզնից խլում է մեր բնօրրանի վերջին փշուրները։
Թշնամուն հակահարված տալու համար միշտ կարևոր է ուսումնասիրել նրա ռազմական ցուցանիշների շարժը։ Մասնավորապես, Ադրբեջանում և Հայաստանում ռազմական ոլորտի մասով որոշակի պատկերացումներ ունենալու համար հետաքրքիր է 2020 և 2019 թվականների հետևյալ վիճակագրությունը․
Գծապատկեր 1. Հայաստանի և Ադրբեջանի ռազմական ոլորտի մի շարք ցուցանիշների մակարդակը
Դեռևս 2020 թ.-ին Ադրբեջանի ռազմական ծախսերը գերազանցել են ՀՀ ռազմական ծախսերին մոտ 4 անգամ՝ կազմելով 2,2 մլրդ ԱՄՆ դոլար։ Հայաստանի և Ադրբեջանի ռազմական ծախսերը կազմում են երկրների ՀՆԱ-ի համապատասխանաբար` 4,9 %-ը և 5,4 %-ը։ Ադրբեջանի պարագայում ռազմական ծախսերը կազմել են բյուջեի ծախսերի 12,7 %-ը, այն պարագայում, երբ Հայաստանում՝ 16,7 % է։
2019 թ․-ի դրությամբ ադրբեջանական ահաբեկչական զինված ուժերի թիվը գերազանցել է ՀՀ զինված ուժերի թվին՝ մոտ 2 անգամ՝ կազմելով 82,000 մարդ։ Վերջին ցուցանիշի վրա հատկապես պետք է ուշադրություն դարձնեն ներկայիս իշխանությունները, որոնք հայտարարում են, թե Ադրբեջանի հարձակումը պայմանավորված է ՀՀ տնտեսության աճով և այն հանգամանքով, որ տնտեսության ազատության համաթվով ինչ-որ հորիզոնական ենք գրավել։
Վերադառնալով ցուցանիշներին՝ նկատենք, որ դեռևս 2019 թ․-ին Ադրբեջանի ահաբեկչական ուժերի թիվը կազմել է աշխատուժի թվաքանակի մոտ 2 %-ը, իսկ Հայաստանի դեպքում՝ մոտ 4 %-ը։
Հարգելի հայ ժողովրդի անվտանգության պատասխանատուներ, եթե ամեն «խաղաղության» մեկօրյակում ՀՀ զինված ուժերը կորցնեն տասնյակ պաշտպաններ, ի՞նչ եք կարծում մեր տնտեսական աճն ուր կհասնի։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում