Փոխնախարարը ներկայացրել է Հայաստանի համար ռազմավարական առաջնահերթությունները

1 Min Read
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանն ընդունել է «ԵՄ-ն hանուն կլիմայի դիմակայության» ծրագրի ներկայացուցիչներին՝ ծրագրի ղեկավար Օլիվեր Շյոնվենգերի գլխավորությամբ։
Այդ մասին հայտնում են ՏԿԵՆ-ից:
Նախարարի տեղակալը ողջունել է պատվիրակությանը և նշել, որ առկա է լավ համագործակցություն տարբեր ընթացիկ ծրագրերի շրջանակներում և հույս հայտնել, որ նոր ծրագրերը ավելի կամրապնդեն և կզարգացնեն երկկողմ հարաբերությունները:
Օլիվեր Շյոնվենգերը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ այցի նպատակն է քննարկել «ԵՄ-ն hանուն կլիմայի դիմակայության» ծրագրի հիմնական գործողությունները, ՀՀ-ի համար ռազմավարական առաջնահերթությունները։
Շյոնվենգերը ներկայացնելով ծրագիրը՝ շեշտել է, որ այն Արևելյան գործընկերության երկրներում դեկարբոնիզացման, կլիմայի դիմակայունության և էներգետիկ անվտանգության (EU4ClimateResilience) բազմադոնոր գործողություն է, որը Արևելյան գործընկերության երկրներում ProGress ծրագրի մասն է։
Այն համաֆինասնավորվում է Եվրոպական միության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության շրջակա միջավայրի, բնության պահպանության, ատոմային անվտանգության և սպառողների պաշտպանության նախարարության (BMUV) կողմից։ Ծրագիրն իրականացվում է Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ/GIZ) և Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD) կողմից։
Տերտերյանը խոսել է կլիմայի փոփոխությունից, դրա արդյունքում առաջացած մարտահրավերներից, դրանց լուծման ճանապարհներից, ծրագրի շահառու համայնքների ընտրության չափորոշիչներից, ներկայացրել է Հայաստանի համար ռազմավարական առաջնահերթությունները, կարևորել է ծրագրի համայնքահենք լինելը և անհրաժեշտ համարել, որ այն ապահովի նախորդ ծրագրերի տրամաբանական շարունակականությունը։
Հանդիպման ավարտին քննարկվել են երկուստեք կարևորություն ունեցող այլ հարցեր ևս:

Կիսվեք այս հոդվածով