ԵԱՏՄ երկրների միջև առևտուրը հունվար-ապրիլին աճել է

1 Min Read

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների միջև փոխադարձ առևտուրն, ըստ նախնական տվյալների, 2024 թվականի հունվար-ապրիլին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 9.5 %-ով։

ТАСС-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ տնտեսական զարգացման փոխնախարար Դմիտրի Վոլվաչը Կովկասյան ներդրումային համաժողովում։

«Ազգային վիճակագրական ծառայությունների նախնական տվյալներով՝ 2024 թվականի հունվար-ապրիլին, 2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, պետությունների և ԵԱՏՄ-ի միջև փոխադարձ առևտուրն աճել է 9.5 %-ով», – նրա խոսքերն է մեջբերում ТАСС-ը։

Ըստ Վոլվաչի՝ ընդհանուր առմամբ, Ռուսաստանի արտաքին առևտրում աճում է ԱՊՀ երկրների գործընկերների բաժինը։

«Եթե անցյալ տարի այդ բաժինը հասել է գրեթե 15 %-ի, ապա 2024 թվականի հունվար-ապրիլին այն արդեն գերազանցել է 16 %-ը: ԱՊՀ երկրների հետ Ռուսաստանի Դաշնության առևտրաշրջանառությունը 2023 թվականին աճել է գրեթե 6 %-ով, իսկ այս տարվա հունվար-ապրիլին ավելացել է ևս 9.5 %-ով, այսինքն՝ ավելացնում ենք ոչ միայն ծավալները, այլև հիմնական մակրոտնտեսական և առևտրային ցուցանիշների աճի տեմպերը», – հավելել է փոխնախարարը։

Կովկասյան ներդրումային համաժողովը (ԿՆՀ) տեղի է ունենում հուլիսի 15-ից մինչև 17-ը Գրոզնիում։ ԿՆՀ-2024-ի հարթակում նախատեսված են հիմնական գործարար ծրագրի 60-ից ավելի միջոցառումներ, դասախոսությունների և վարպետության դասերի շարք։

ԿՆՀ-2024-ի հիմնական թեման է «Մեծ Կովկասը` ծովից ծով»:

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով