Քա՞նի վարորդ է օգտվել տուգանքների վճարման 50 տոկոս արտոնությունից

1 Min Read

Ներքին գործերի նախարարությունից տեղեկացնում են, որ հուլիսի 8-ին ավարտվել է 50 տոկոս նվազ կիրառման բոնուսային բաղադրիչի եռամսյա ժամկետը։

Հարկադիր կատարման փուլում չգտնվող պարտավորությունների մասով՝ 50 տոկոս նվազ վճարման հնարավորությունից օգտվել է 109 009 քաղաքացի․ 310 794 տուգանքի որոշումներով պետական բյուջե է մուտքագրվել 1 320 920 870 դրամ:

«Ինչ վերաբերում է հարկադիր կատարման փուլում գտնվող պարտավորություններին, ապա բոնուսային բաղադրիչից օգտվելու արդյունքում կարճված 213 188 կատարողական վարույթով բռնագանձվել է 871 553 540 դրամ: Քաղաքացիները շարունակում են ակտիվորեն օգտվել ՆԳՆ օրենսդրական բարեփոխումների արդյունքում կիրառվող 20 և 30 տոկոս բոնուսային համակարգի բաղադրիչներից»,- նշված է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ արդեն 129 065 քաղաքացի 30 տոկոս բոնուսային բաղադրիչից օգտվելու արդյունքում 207 810 տուգանքի որոշումներով մարել է պարտավորությունները. պետական բյուջե մուտքագրվել է 1 206 295 487 դրամ:

«Իսկ Roadpolice.am համակարգում էլեկտրոնային ծանուցումն ակտիվացնելու միջոցով 41 069 քաղաքացի օգտվում է տուգանքը 20 տոկոս նվազ վճարման հնարավորությունից։ Հարգելի՛ քաղաքացիներ, շարունակեք օգտագործել թվային լուծումները՝ տուգանքը 20 տոկոսով նվազեցնելու համար»,- նշված է հաղորդագրության մեջ։

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով