Հնդկաստանն այս տարվա ապրիլ և մայիս ամիսներին կրճատել է Ռուսաստանից ադամանդների ներկրումը։
Այս մասին հայտնել է Հնդկաստանի առևտրի և արդյունաբերության նախարարությունը,- գրում է INTERFAX.RU-ն։
2024 թվականի ապրիլին Հնդկաստանը ներմուծել է 440 հազար կարատի ադամանդ, ինչը 57 տոկոսով քիչ է մեկամյա վաղեմության ցուցանիշից։ Իսկ մայիսին ներկրվել է 352 հազար կարատի ադամանդ, ինչը 2023 թ.-ի նույն ամսվա համեմատ 13 տոկոսով պակաս է։ Դրա ընդհանուր արժեքը գնահատվում է 43 մլն դոլար, որը 51 տոկոսով զիջում է նախորդ տարվա ցուցանիշին։
Նշենք, որ այս տարվա մարտին ներմուծվել է 2.3 անգամ (728 հազար կարատի) շատ ադամանդ, փետրվարին ցուցանիշը գերազանցվել է 85 տոկոսով (1.81 մլն կարատի), իսկ հունվարին՝ 14 տոկոսով (400 հազար կարատի)։
2024 թվականի մարտի 1–ից սկսել է գործել ռուսական թանկարժեք քարերի առևտրի դեմ ուղղված G7-ի երկրների սահմանած պատժամիջոցների երկրորդ փուլը։
Հունվարի 1–ից արգելք էր սահմանվել անմիջականորեն Ռուսաստանից չմշակված և հղկված ադամանդների ներկրման նկատմամբ, իսկ մարտի 1-ից այն տարածվել է նաև 1 կարատից սկսվող քարերի վրա։ Դա G7-ի երկրների սահմանած ամենազգայուն պատժամիջոցն է, որը տարածվում է աշխարհում ադամանդների մանրածախ վաճառքի շուկայի 70 տոկոսի վրա։
Հնդկաստանն աշխարհում ադամանդների ամենախոշոր հղկողն է, որին բաժին է ընկնում համաշխարհային արտադրության 9/10–ը՝ գերազանցապես մանր ադամանդներ, որոնք ավանդաբար ներկրվում են Ռուսաստանից։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում