Որքա՞ն կթանկանա հեղուկ գազը Հայաստանում. Ի՞նչ պատկեր է աշխարհում. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

3 Min Read

Հայաստանը չունի վառելիքաէներգետիկ բավարար պաշարներ, ուստի Հայաստանում բենզինը, հեղուկ գազը և վառելիքաէներգետիկ այլ ռեսուրսները որոշակի բարձր գին կունենան։ Ի վերջո, ձևավորվող գնի մեջ մտնում են տարբեր ծախսեր, որոնք պետք է հաշվի առնել։

Սակայն, երբ տվյալ ապրանքի շուկայում տիրում է անառողջ մթնոլորտ, ապա տվյալ ապրանքի գները ուռճացվում են և սովորաբար հաստատվում բարձր մակարդակներում։

ՀՀ-ում վերջին շրջանում վարորդներին սկսել է նյարդայնացնել հեղուկ գազի գինը։ Դեռևս երկու-երեք շաբաթ առաջ հնարավոր էր հեղուկ գազի 1 լիտրի համար վճարել ֏ 100։ Սակայն, գինն այս օրերին սրընթաց աճում է։

Այսպես, հուլիսի 8-ի դրությամբ 1 լիտր հեղուկ գազն արդեն արժեր ֏ 170, արդեն հուլիսի 13-ին՝ ֏ 180, իսկ արդեն հուլիսի 19-ի դրությամբ`֏ 220240։ Այս գնաճն այնքան զգալի է, որ որոշ մարդիկ նույնիսկ մտածում են ավտոմեքենաները ժամանակավորապես վարել բենզինով։

Պատկերացրեք` ունեք 42 լիտր տարողությամբ հեղուկ գազի բաք։ Վերջինս ամբողջությամբ լիցքավորելու համար հիմա հարկավոր է վճարել ավելի քան֏ 9000։ 



Հանրության շրջանում ձևավորված կարծիքի համաձայն`խնդիրը Հայաստանի ներքին շուկայում է։ Անշուշտ, եթե ուսումնասիրությունները պարզեն հակառակը, ապա պետք է մտածել այն ճանապարհների մասին, որոնք կօգնեն մեղմել իրավիճակը։



Հետաքրքիր է ուսումնասիրել աշխարհում սույն տարվա հուլիսի 8-ին ձևավորված 1 լիտր հեղուկ գազի գների առավելագույն և նվազագույն մակարդակները․

Աշխարհում 1 լիտր հեղուկ գազի նվազագույն գինը ձևավորվել է Ալժիրում՝ ֏ 26։ Նվազագույն գների ցուցակի 2-րդ և 3-րդ  հորիզոնականներում են հայտնվել Անգոլան և Սաուդյան Արաբիան` համապատասխանաբար ֏ 45 և ֏ 108 արդյունքներով։

Հեղուկ գազի նվազագույն գների թոփ 5 երկրների ցուցակը եզրափակում է Բելառուսը, որտեղ 2024թ․ հուլիսի 8-ին հեղուկ գազի 1 լիտրի գինը կազմել  է ֏ 147։

Հայաստանը 1 լիտր  հեղուկ գազի ներկայիս գնով՝ ֏ 220 և ավելի, փաստացի նույն հորիզոնականում է հայտնվել այնպիսի երկրների հետ, ինչպիսիք են Լիբանանը՝ ֏ 168, Թայվանը՝ ֏ 174, Ավստրալիան՝ ֏ 175, Հոնդուրասը՝ ֏ 182, և Վրաստանը՝ ֏ 220։

Սակայն, պետք է նշենք, որ կան ֆիքսված ավելի բարձր գներ։ 1 լիտր հեղուկ գազի առավելագույն գնով թոփ 5 երկրների ցանկում առաջին 3 տեղում են հայտնվել Շվեդիան, Շվեյցարիան և Մեծ Բրիտանիան, որտեղ 2024թ․ հուլիսի 8-ի դրությամբ 1 լիտր հեղուկ գազի համար վճարում են համապատասխանաբար ֏ 510, ֏ 497 և ֏ 442։

Այս ցուցակի 5-րդ հորիզոնականում է հայտնվել Ֆրանսիան՝ 1 լիտր հեղուկ գազի գնի ֏ 421 ցուցանիշով։

Կիսվեք այս հոդվածով