ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն այցելել է տեխնոլոգիական ոլորտի առաջատարներից մեկի՝ ADOBE ընկերության հայաստանյան գրասենյակ։ Այս մասին տեղեկացնում են ԲՏԱ նախարարությունից:
ADOBE-ի Հայաստանի մասնաճյուղի տեխնիկական տնօրեն Արսեն Բաբայանի ուղեկցությամբ նրանք շրջել են ընկերության գրասենյակում, զրուցել աշխատակիցների հետ, ծանոթացել աշխատանքային պլատֆորմներին, իրականացվող նախագծերին, հեռանկարային ծրագրերին։
Արսեն Բաբայանը, ներկայացնելով ընկերության գործունեությունը, նշել է, որ ADOBE ընկերության Հայաստանի մասնաճյուղը զբաղվում է ծրագրային ապահովման մշակմամբ, մասնավորապես՝ մեծ ընկերությունների և կազմակերպությունների համար աշխատանքի կառավարման համակարգերի մշակմամբ և զարգացմամբ։
Հաջորդիվ տեղի ունեցած զրույցի ընթացքում քննարկվել են պետություն-մասնավոր արդյունավետ փոխգործակցությանն առնչվող մի շարք թեմաներ։ Ձեռք է բերվել պայմանավորվածություն համատեղ աշխատանքներ իրականացնել ոլորտին աջակցող օրենսդրական բարեփոխումների ուղղությամբ։
Հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը և «Էնթերփրայզ Արմենիա» ընկերության ներկայացուցիչները:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում