Խորհրդարանը քննարկել է Կառավարության կողմից ներկայացված՝ Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «Վարկ 3449-ARM. «Հայաստան-Վրաստան սահմանային տարածաշրջանային ճանապարհի (Մ6 Վանաձոր-Բագրատաշեն) բարելավման ծրագիր»-վարկի փակման ժամկետի երրորդ երկարաձգում և վարկային միջոցների վերաբաշխում» նամակ-համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:
ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը հայտնելէ, որ նախագծի շրջանակում իրականացվել է Մ6 միջպետական նշանակության ճանապարհի շուրջ 51 կմ երկարությամբ Վանաձոր-Բագրատաշեն հատվածի վերակառուցումը բարելավված ճանապարհային ծածկույթով, անվտանգության ապահովման մի շարք միջոցառումներով:
«Շինարարական աշխատանքներն ավարտել ենք 2023-ին, իսկ վերականգնված ճանապարհը շահագործման է հանձնվել 2024 թվականին: Ծրագրում առկա խնայողության միջոցների հաշվին ներառել ենք նաև լրացուցիչ բաղադրիչ՝ դա Դիլիջանի և Պուշկինի ավտոճանապարհային թունելների հիմնանորոգման, արդիականացման նախագծային աշխատանքների պատվիրումն էր. Ուզում ենք մինչև 2024-ի օգոստոսի 31-ը երկարաձգել վարկային համաձայնագիրը, որը հնարավորություն կտա պատշաճ ապահովել ամփոփման ավարտական գործընթացը»,- հայտնել է Ղալեչյանը:
Նրա խոսքով՝ ունենք նաև չբաշխված գումարներ՝ 2 մլն 850 հազար եվրո, որը հնարավորություն կտա շարունակել նախագծային աշխատանքները ու ավարտելու դրանք, ինչպես նաև կատարելու պայմանագրերով ստանձնած պարտավորություններով:
ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հարց ուղղեց փոխնախարարին՝ նկատելով, որ շահագործման հանձնված ճանապարհը վնասվել է վերջին ջրհեղեղի հետևանքով, խնդրեց պարզաբանել՝ ինչն է պատճառը, որ նոր շահագործված ճանապարհի հետ կապված նման խնդիր կա:
«Նախագծողը հաշվարկե՞լ է, որ գետի հեղեղման հետևանքով ճանապարհը վնասվելու է, ինչու արգելապատնեշներ չեն տեղադրվել և ով է մեղավորը»,- հարցրել է պատգամավորը:
Ղալեչյանը տեղեկացրել է, որ հենց այդ հատվածում՝ շուրջ 21 տեղամասում, կրել են որոշակի վնասներ:
«Կուզենայի նշել, որ նախագծումը իրականացվել է 2016-2017 թվականներին և այն ժամանակվա նախագծի տվյալներով՝ այդ հետազոտություններն արվել են և կան, սակայն պետք է միաժամանակ արձանագրենք, որ այս հեղեղման ուժգնությունը շատ ավելի մեծ է եղել, որը նախորդ տարիների ուսումնասիրության շատ երկար ժամանակահատվածի արդյունքներով տեսանելի չի եղել»,- ասել է փոխնախարարը:
Պատգամավորի խոսքով՝ ռիսկերը պետք է հաշվի առնվեին ճանապարհը կառուցելուց առաջ, անհրաժեշտ էին հենապատեր կառուցել: Ղալեչյանը նշել է նաև, որ հենապատեր կառուցվել են, դրանք երեք լոտով են իրականացվել:
«Այնպես չէ, որ մենք հենապատերի լուծումներ չենք տվել: Դրա արդյունքում է, որ վնասները շատ ավելի քիչ են եղել, քան չկատարած վերակառուցման դեպքում կարող էին լինել: Տված լուծումները կանխել են ավելի մեծ վնասները: Ուզում եմ տեղեկացնել, որ հիմա միջազգային փորձագիտական խմբեր են ներգրավվելու այդ գնահատումները անելու համար, իսկ թե ինչքանով են նախագծային լուծումները կենսունակ եղել, այդ գնահատականները կստանանք ու կկարողանանք ձեր հարցին ավելի հիմնավոր պատասխանել»,- պարզաբանել է Ղալեչյանը:
Ղալեչյանի խոսքով՝ նամակ-համաձայնագիրն ուժի մեջ կմտնի այն օրը, երբ բանկը ստանա վարկառուի գրավոր ծանուցումը՝ վերջինիս ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ՝ ՀՀ օրենսդրությամբ պահանջվող բոլոր ներքին ընթացակարգերի ավարտի վերաբերյալ:
Հայաստանի և ԱԶԲ-ի միջև կնքված վարկային համաձայնագրի համաձայն՝ վարկի փակման ժամկետը 2023 թ. դեկտեմբերի 31-ն է:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում