Հղիության արհեստական ընդհատումն առաջարկվում է դարձնել հասանելի ու անվտանգ` նախատեսելով դրույթներ դեղորայքի միջոցով արհեստական ընդհատման: Գործող օրենքով նախատեսված էր միայն գործիքային ընդհատումը: Այս մասին ասել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանը` ներկայացնելով իր եւ գործընկերներ Լուսինե Բադալյանի, Տաթեւիկ Գասպարյանի ու Լենա Նազարյանի հեղինակած «Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը հուլիսի 11-ի ԱԺ արտահերթ նստաշրջանում:
Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանի խոսքով օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվում է մինչեւ 8 շաբաթական հղիության դեպքում իրականացնել հղիության արհեստական ընդհատում մանկաբարձագինեկոլոգիական բժշկական օգնության եւ սպասարկման լիցենզիա ունեցող բժշկական կազմակերպություններում, իսկ մինչեւ 22 շաբաթական հղիության ընդհատման պարագայում միայն հիվանդանոցային պայմաններում` բժշկի հսկողության տակ:
Փաթեթով կանոնակարգվում է փոխնակ մոր ծառայությունից օգտվելու գործընթացը, մասնավորապես, առաջարկվում է փոխնակ մոր ծառայությունից օգտվելու իրավունքը չտարածել օտարերկրյա քաղաքացիների (բացառությամբ ազգությամբ հայ) նկատմամբ: Վերանայվել է նաեւ փոխնակ մայր հանդիսանալու տարիքային շեմը` 35-ից դարձնելով 38 տարեկան:
Բարձրացվել է վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունք ունեցող անձանց տարիքային շեմը` սահմանվելով մինչեւ 55 տարեկանը:
Ավելացվել են դրույթներ` կապված սեռաբջիջների պահպանման, արտահանման, ներմուծման եւ ոչնչացման հետ:
Գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Հռիփսիմե Հունանյանը:
ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանի խոսքով օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվող կարգավորումները քննարկվել են բոլոր շահագրգիռ կողմերի հետ եւ արժանացել հավանության:
Նախաձեռնությունն ընդունվել է առաջին ընթերցմամբ: