Ազգային ժողովն արտահերթ նստաշրջանում քննարկել է Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ «Վարկ 3449-ARM. ««Հայաստան-Վրաստան սահմանային տարածաշրջանային ճանապարհի (Մ6 Վանաձոր-Բագրատաշեն) բարելավման ծրագիր»-վարկի փակման ժամկետի երրորդ երկարաձգում եւ վարկային միջոցների վերաբաշխում» նամակ-համաձայնագիրը վավերացնելու հարցը:
ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը տեղեկացրել է, որ համաձայնագրի շրջանակում իրականացվել է Մ6 միջպետական նշանակության ճանապարհի շուրջ 51 կմ երկարությամբ Վանաձոր-Բագրատաշեն հատվածի վերակառուցումը` բարելավված ճանապարհային ծածկույթով, անվտանգության ապահովման մի շարք միջոցառումներով: Շինարարական աշխատանքներն ավարտվել են 2023 թվականին, իսկ վերականգնված ճանապարհը շահագործման է հանձնվել 2024 թվականին:
Նշվել է, որ ծրագրի իրականացման արդյունքում սկսած 2023 թվականից Վանաձորից Բագրատաշեն երթեւեկության տեւողությունն էապես կրճատվել է: 2023 թվականին միջին օրական երթեւեկության ինտենսիվությունն ավելացել է մինչեւ 3945 մեքենա` նախկին 2800-ի փոխարեն:
Բագրատաշենի մաքսային կետով իրականացվել են 2,4 մլն տոննա բեռնափոխադրումներ` նախկին 0,85 մլն տոննայի փոխարեն: Կրճատվել է նաեւ պատահարների թիվը. 2021 թվականին մահվան ելքով այդ մասում մեկ պատահար է եղել, իսկ 2022 թվականին մահվան ելքով պատահար չի գրանցվել:
Քրիստինե Ղալեչյանի խոսքով ծրագրում առկա միջոցների խնայողության հաշվին ներառվել է լրացուցիչ բաղադրիչ. դա Դիլիջանի եւ Պուշկինի ավտոճանապարհային թունելների հիմնանորոգման արդիականացման նախագծային աշխատանքների պատվիրումն է: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վարկային համաձայնագրի շրջանակում ավարտված շինարարական աշխատանքների մասով մատուցված ծառայությունների գծով կան հետվճարային պարտավորություններ, առաջարկվում է մինչեւ օգոստոսի 31-ը երկարաձգել վարկի փակման ժամկետը: Ըստ փոխնախարարի` դա հնարավորություն կտա պատշաճ ապահովել ծրագրի ամփոփման ավարտական գործընթացը: Նշվել է, որ 2 մլն 850 հազար եվրոյի չափով չբաշխած գումար կա:
Քանդվող եւ չվերականգնվող ճանապարհների վերաբերյալ պատգամավոր Արսեն Թորոսյանի հարցին ի պատասխան` Քրիստինե Ղալեչյանը նշել է, որ թեպետ օրենքով հստակ պահանջներ են դրված, սակայն մոնիտորինգի արդյունքում պարզվել է, որ մի շարք դեպքերում հանրային ծառայություններ իրականացնող եւ հեռահաղորդակցության ցանց կառուցող ընկերությունների կողմից ոչ միայն չեն վերականգնվում, այլեւ խնդրահարույց է այդ ճանապարհների նախկին տեսքի վերականգնումը: Նա տեղեկացրել է, որ վերջերս օրենսդրական փոփոխությամբ հստակ սահմանվել է պահանջ, որով ոչ միայն պետք է նախկին տեսքը վերականգնվի, այլեւ պետք է պահպանվեն շինարարական նորմերը: Կառավարությունը փոփոխությունների փաթեթ է մշակում, որով պայմանագրային պարտավորություն կդրվի եւ պատասխանատվության հստակ մեխանիզմներ կսահմանվեն` այդ պահանջներն ապահովելու համար:
Պատգամավոր Սերգեյ Բագրատյանն էլ հետաքրքրվել է 2024 թվականին շահագործման հանձնված ճանապարհով, որը շահագործման կարճ ժամկետում արդեն վնասվել է վերջին հեղեղումների պատճառով:
«Ի՞նչն է պատճառը, որ նոր շահագործվող ճանապարհի հետ կապված նման խնդիր ունենք: Ըստ կարգի` պետք է գեոդեզիա, երկրաբանություն անել, նախագծել, նոր կառուցել: Այսինքն` նախագծողը հաշվարկե՞լ է, որ գետի այս ընթացքի եւ ջրհեղեղի դեպքում այդ ճանապարհը վնասվելու է եւ ինչո՞ւ արգելապատնեշներ չեն նախագծվել: Ո՞վ է մեղավորը եւ պատասխանատուն»,- հարցրել է պատգամավորը:
Քրիստինե Ղալեչյանն իրազեկել է, որ նախագծումն իրականացվել է 2016-2017 թվականներին, եւ այն ժամանակվա նախագծի տվյալներով այդ հետազոտությունները կան: Փոխնախարարը, սակայն, արձանագրել է, որ այս հեղեղման ուժգնությունը շատ ավելի մեծ է եղել, ինչը նախորդ տարիների ուսումնասիրության երկարաժամկետ ժամանակահատվածի արդյունքներով տեսանելի չի եղել: Ամենաուժեղ ջրհեղեղը եղել է 1956 թվականին, իսկ վերջերս տեղի ունեցածը 200 միավորով գերազանցել է 1956 թվականի ցուցանիշները: Նրա խոսքով հենապատերի լուծումներ տրվել են, նույնիսկ ընթացքում դրանք ավելացվել են, ինչի արդյունքում էլ վնասն ավելի քիչ է եղել: Նախարարի տեղակալը նշել է, որ գնահատումներ կատարելու համար միջազգային փորձագիտական խմբեր են ներգրավվելու` հասկանալու, թե ինչքանով են նախագծային լուծումները կենսունակ եղել:
«Այդ գնահատականը կստանանք եւ կկարողանանք նաեւ Ձեր հարցին ավելի հիմնավոր պատասխանել»,- արձագանքել է Կառավարության ներկայացուցիչը:
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը եւս արձագանքել է այս հարցին` փաստելով` միշտ չէ, որ հնարավոր է հաշվարկել աղետի ուժգնությունը:
Հարակից զեկույցում Ծովինար Վարդանյանը տեղեկացրել է, որ հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել:
Հարցն արժանացել է խորհրդարանի հավանությանը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում