Ռուս-ուկրաինական հակամարտությունը ամբողջությամբ ջնջեց աշխարհում վերջին 30 տարիների ընթացքում ձևավորված դրական միտումները։ Արագ կերպով մտնում ենք մի նոր ժամանակաշրջան, որը դեռևս բավականին անհանգիստ, մութ և ցուրտ է թվում։ Ցավալին այն է, որ երկուստեք տեղի ունեցող մարդասպանությունները չեն կարող անհետևանք մնալ հատկապես ռուսների, ուկրաինացիների և եվրոպացիների հիշողությունում։ Դեռևս Եվրոպայում չէին հասցրել ապաքինվել նախկին խորը վերքերից, երբ նորից սկսեց կրկնվել պատմությունը։ Սակայն, այս պատմությունը այդքան էլ նման չէ Սովետական Միություն-Արևմուտք հակամարտությանը, այն ավելի խորն է և ոչ մի կողմին որևէ լավ բան չի խոստանում։ Արևմտյան շրջանակները փաստում են, որ ՌԴ կառավարությանը ներկայացվել է մի զեկույց, որը գաղտնի է պահվում, որտեղ փորձագետները խոստանում են Ռուսաստանին ռեցեսիա, որը տևելու է մինչև 2050 թ.-ը։ Փորձագետները ներկայացրել են ռուսական ռեցեսիայի երեք հիմնական տարբերակներ, որոնցից յուրաքանչյուրում արևմուտքի պատժամիջոցները պահպանվելու են և նույնիսկ սրվելու են․
Գծապատկեր 1․ Փորձագետների ներկայացրած Ռուսական տնտեսության զարգացման հնարավոր տարբերակները
Ամենավատը «սթրեսային» սցենարն է, որը կանխատեսում է ՌԴ տնտեսության խորը անկում արդեն 2024 թ․-ին՝ 11,9%-ով։ Արդյունքում կանխատեսվում է, որ ՌԴ-ում կշարունակվեն փոփոխական անկումները մինչև 2030 թ․-ը։ Երկրորդը «իներցիոն» սցենարն է, որի պարագայում 2023 թ․-ից հետո տնտեսությունն անկումներ կարձանագրի մինչև 3,7 % -ի շրջանակներում, որը կտևի մինչև 2030 թ․-ը։ Մի փոքր լավատեսական է համարվում «նպատակային» անվանումով սցենարը։ Վերջինիս շրջանակներում ՌԴ տնտեսությունը մինչև 2030 թ․-ը կվերականգնվի ընդուպ մինչև 16,9 % -ով։
Փորձագետները նշում են, որ պատժամիջոցները մեծ վնաս են հասցնելու ՌԴ գյուղատնտեսությանը, որը պակասուրդ է ունենալու հիմնական սերմերի, ձկան կերի և ամինաթթուների մասով։ Զրկանքներ կլինեն ավիացիոն ոլորտում, քանի որ ոլորտը մեծ կախվածություն ունի ներմուծվող մասերից, որոնք նույնպես գտնվում են արգելքի տակ։ Պատժամիջոցները մեծ հարված են հասցնելու մեքենաշինությանը, քանի որ ՌԴ-ն արտադրում է պետքական հաստոցների միայն 30 %-ը, իսկ ներքին արտադրությունը չի կարող ամբողջովին բավարարել աճող պահանջարկը։ Ռուսաստանում դեղերի տեղական արտադրությունը 80 %-ով կախված է ներմուծվող հումքից, ինչը ոլորտը դարձնում է չափազանց փխրուն։ Հատկապես մեծ հարված է ստանալու կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների, ինչպես նաև նորարարական ոլորտը։ Պատժամիջոցների արդյունքում ՌԴ մետաղներ արտադրողները տարեկան կորցնելու են $ 5,7 մլրդ։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում