ՀՀ-ՈՒՄ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԸ 2022 Թ-Ի ՀՈՒՆՎԱՐ – ՀՈՒԼԻՍԻՆ

2 Min Read

Տնտեսության առաջատար ոլորտներից է Էներգետիկան։ Վերջինս միշտ էլ առանցքային դերակատարում է ունեցել և իր ազդեցությունն է փոխանցել մյուս ոլորտներին։ Առանց էներգետիկայի հնարավոր չէ տնտեսության առաջընթացը։ Այս համատեքստում ՀՀ համար կենսական նշանակություն ունի այլընտրանքային էներգետիկայի զարգացումը, էներգախնայողությունը  և այլն։ Մինչև Ուկրաինայում ռուսական հատուկ գործողությունն  աշխարհը գնում էր «կանաչ» էներգետիկայի ճանապարհով։

Ներկայիս էներգետիկ ենթակառուցվածքների կողքին կառուցվում էին վերականգնվող աղբյուրներից էներգիայի ստացման կայաններ։ Սակայն, «կանաչ» էներգետիկայով առաջատար համարվող Եվրոպան այժմ մտածում է «գորշ» էլեկտրաէներգիան վերականգնելու ուղիների մասին մինչև իրավիճակը կկարգավորվի, քանի որ ռուսական գազի և նավթի կրճատման արդյունքում Եվրոպան սուզվելու է ցուրտ և մութ օրերի ժամանակաշրջան։ Այդուհանդերձ, ՀՀ-ի համար այլընտրանքային էներգետիկան շարունակում է մնալ առաջնահերթություն, քանի որ սա հնարավորություն է էներգետիկ պոտենցիալի ամբողջական բացահայտման և օգտագործման համար։ Մինչ այդ, նկատենք, որ Էլեկտրաէներգիայի արտադրության ծավալները 2022 թ․-ի հունվար-հուլիսին կազմել են 5,118 մլն կՎտ ժամ։ Նկատենք, որ 2022 թ․-ի հունվար-հուլիսին 2021 թ․-ի նույն ժամանակահատվածի համեմատ էլեկտրաէներգիայի արտադրության ծավալներն աճել են մոտ 15 %-ով։

Դիտարկենք էլեկտրաէներգիայի արտադրության ծավալներն ըստ տարբեր ուղղությունների․

Գծապատկեր 1 Էլեկտրաէներգիայի արտադրության ծավալները 2022 թ.-ի հունվար-հուլիսին ըստ տարբեր ուղղությունների

2022 թ.-ի հունվար-հուլիսին ՋԷԿ-ի կողմից արտադրված էլեկրտաէներգիայի ծավալները կազմել են 2,247 մլն կՎտ ժամ։ Այս ծավալները 2021 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճելեն մոտ 34%-ով։ ՀԷԿ-երի կողմից արտադրված էլեկտրաէներգիայի ծավալները կազմել են 1,324 մլն կՎտ ժամ։ 2021 թ.-ի համեմատ ՀԷԿ-երի կողմից արտադրված էլեկտրաէենրգիայի ծավալները նվազել են մոտ 11 %-ով։ 2022 թ.-ի հունվար-հուլիսին ատոմակայանի կողմից արտադրված էլեկտրաէներգիայի ծավալները 2021 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել են մոտ 15 %-ով՝ կազմելով մոտ 1,417 մլն կՎտ ժամ։ Հողմային և արևային էլեկտրակայանների արտադրած էլեկտրաէներգիայի ծավալները կազմել են համապատասխանաբար 1,2 և մոտ 129 մլն կՎՏ ժամ։ 2022 թ.-ի հունվար-հուլիսին 2021 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ հողմային էլեկտրակայանների արտադրած էլեկտրաէներգիայի ծավալներն աճել են մոտ 57 %-ով, իսկ  արևային էլեկտրակայանների պարագայում՝ մոտ 3 անգամ։

Կիսվեք այս հոդվածով