Ինեկոբանկի քարտային գործարքների պրոցեսինգային համակարգերում վերջերս տեղի են ունեցել տեխնիկական խափանումներ, որոնք շատերիդ համար անհարմարությունների պատճառ են դարձել։
Այս մասին հայտարարություն է տարածել Ինեկոբանկը:
Բանկը մասնավորապես նշել է, որ ցավում է, որ նման փորձառություն է եղել ու հայտնում, որ տվյալ խնդիրն այս պահին կարգավորված է, և համակարգն աշխատում է անխափան։
«Մենք արժևորում ենք մեր յուրաքանչյուր հաճախորդի հարմարավետությունը և շարունակաբար կատարելագործում մեր գործիքակազմը։ Վերազինումների այս ճանապարհին, սակայն, երբեմն կարող են առաջանալ անկանխատեսելի խնդիրներ՝ կապված միջբանկային փոխանցումների, կապի տատանումների, համակարգի ծանրաբեռնվածության և այլ հարցերի հետ, որոնց մենք մշտապես փորձում ենք հրատապ ու հետևողական լուծումներ տալ։ Վստահեցնում ենք, որ բարձրաձայնված բոլոր խնդիրները մեր ուշադրության կենտրոնում են, և մեր հաճախորդին մտահոգող որևէ հարց անպատասխան չի մնա։ Յուրաքանչյուր խնդիր կստանա անհատական լուծում՝ հաշվի առնելով հաճախորդի լավագույն շահը»,- նշված է հայտարարությունում։
Բոլոր հարցերի դեպքում բանկը խնդրում է անմիջականորեն կապ հաստատել։ Հաճախորդների աջակցման թիմը պատրաստ է օժանդակել հետևյալ ուղիներով՝
- InecoMobile հավելվածի Live Chat բաժին,
- customer.care@inecobank.am էլ․ հասցե,
- +374 10 510 510 շուրջօրյա գործող հեռախոսահամար։
Բանկը հայցում է հաճախորդների ներողամտությունը պատճառված անհարմարությունների համար և շնորհակալություն հայտնում լոյալության, ըմբռնման և շարունակական կատարելագործման այս ուղին համատեղ անցնելու համար։