«Ակադեմիական քաղաք»-ը մի քանի տրիլիոնի ծրագիր է. որ թվականից կգործի այն

2 Min Read

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը շատ խոշոր ծրագիր է և դրա իրականացումը փուլերով պետք է լինիԱա: Քննարկում են նաև թե որ փուլում որ աշխատանքները պետք է լինեն առաջնային:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

Նրա խոսքով՝ առաջին հերթին ենթակառուցվածքները ձևավորելու կարիք ունեն: Առաջին փուլում պլանավորում են նաև ազգային ստադիոնը, դա կարևորագույն անելիքներից է, նաև քննարկել են ժամանակակից համերգասրահի կառուցումը, որը նույնպես առաջին փուլում է պլանավորվում:

«Մեծ ծավալով աշխատանք պետք է արվի որպեսզի նախագծման փուլին հասնենք: 2025-ի փետրվարից կկարողանանք սկսել առանձին շենքերով նախագծման աշխատանքները, իսկ բուն շինարարությունների իրականացման պլանն ընթացքում կհստակեցվի, որովհետև դրանք կախված են բազմաթիվ գործոններից»,- նշել է նա:

Անդրեասյանի խոսքով՝ ծրագրի ընդհանուր արժեքն ամենայն ճշգրտությամբ ասել հնարավոր կլինի երբ մրցույթներն արված լինեն: Այս պահին խոսում են նախնական հաշվարկի մասին, որովհետև կան նորմատիվներ խոշորացված հաշվարկների տեսքով: Սա խոշորածավալ ծրագիր է, որը բավականին մեծ արժողություն ունի՝ խոսքը մի քանի տրիլիոն դրամի մասին է:

Նախարարը նշել է նաև, որ պետությունը չի պատկերացնում ծրագրի իրականացումը միայնակ:

«Հենց այս պահին ներդրումային ծրագիր ենք ամբողջացնում: «Ակադեմիական քաղաք» ծրագրի հանդեպ բավական մեծ հետաքրքրություն կա մասնավորի հետ համագործակցության: Առաջիկա մեր անելքիներից է լինելու նաև Քաղաքի իրականացման գործընկերների հետ միասին աշխատանքը»,- ասել է նախարարը:

Անդերասյանն ասել է, որ «Ակադեմիական քաղաք»-ը սկսելու է գործել 2030 թվականից, բայց սկսելու է գործել փուլային սկզբունքով: Սկզբում հասանելի կլինեն որոշ ենթակառուցվածքներ, հետո կավելացվեն նորերը:

Share This Article