«Բուլղարգազ»-ը «Գազպրոմ»-ից 400 միլիոն եվրոյի փոխհատուցում է պահանջել

1 Min Read

Բուլղարական «Բուլղարգազ» (Bulgargaz) պետական ​​գազաբաշխող ընկերությունը հայց է ներկայացրել ռուսական «Գազպրոմ» էներգետիկ ընկերության դեմ՝ պահանջելով 400 միլիոն եվրոյի փոխհատուցում վճարել՝ կապված 2022 թվականին գազի մատակարարումների դադարեցման հետ։ Այս մասին տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից։

Ըստ «Բուլղարգազ»-ի հայտարարության՝ հայցը ներկայացվել է հուլիսի 8-ին Փարիզի Առևտրի միջազգային պալատի Միջազգային արբիտրաժային դատարան:

Մայիսին «Բուլղարգազ»-ը նախազգուշացրել էր, որ կփորձի ուղղակիորեն փոխհատուցում ստանալ «Գազպրոմ էքսպորտ» ՍՊԸ-ից, իսկ եթե բանակցություններն անհաջող լինեն, ապա հայց կներկայացվի արբիտրաժային դատարան։

2022 թվականի մարտի 31-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել «Օտարերկրյա գնորդների կողմից ռուսական բնական գազի մատակարարների նկատմամբ պարտավորությունների կատարման հատուկ ընթացակարգի մասին»։ Փաստաթղթի համաձայն՝ նույն թվականի ապրիլի 1-ից հրամանագրում նշված օտարերկրյա գործընկերներին մատակարարվող խողովակաշարային գազի դիմաց վճարումը պետք է կատարվի բացառապես ռուբլով: Այդ նպատակով Գազպրոմբանկում օտարերկրյա գնորդների համար բացվում են «K» տիպի ռուբլու և արտարժույթի հատուկ հաշիվներ: Օտարերկրյա գնորդը գազի համար վճարում է պայմանագրում նշված արժույթով, Գազպրոմբանկն այն վերածում է ռուբլու և փոխանցում «Գազպրոմ»-ին։ Հենց այդ պահին բնական ռեսուրսի դիմաց վճարելու պարտավորությունը համարվում է կատարված։ Պայմանի չկատարման դեպքում առաքումները դադարեցվում են։

Բուլղարիան առաջիններից մեկը հրաժարվեց նոր համակարգից։ «Բուլղարգազ»-ում նշել էին, որ վճարման նոր կարգը Բուլղարիայի համար զգալի ռիսկեր է պարունակում:

Share This Article