ԿԳՄՍ նախարարի տեղակալը ներկայացրել է պետական աջակցությամբ իրականացվող կրթամշակութային ծրագրերը

2 Min Read

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն ընդունել է Փարիզի փոխքաղաքապետ, ՀԲԸՄ Ֆրանսիայի գրասենյակի տնօրեն Անուշ Թորանյանին և արվեստի ու մշակույթի հարցերով պատասխանատու Մանոն Զեյդլերին:

Դանիել Դանիելյանը ողջունել է հյուրերին և կարևորել հայ-ֆրանսիական հարաբերությունների կայացումը նաև մշակույթի տարբեր ոլորտներում պատանիների ու երիտասարդների կարողությունների զարգացմամբ:

ԿԳՄՍ նախարարի տեղակալը ներկայացրել է պետական աջակցությամբ իրականացվող կրթամշակութային ծրագրերը և ընթացակարգերը՝ հատկապես ընդգծելով դրանցում կրթության և մշակույթի փոխկապակցման առաջնահերթությունը:

Դանիել Դանիելյանն առաձնակի ուշադրություն է հրավիրել «Մեկնարկ» տաղանդի զարգացման և «Քույր դպրոցներ» ծրագրերի վրա:

«ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ իրականացվող «Քույր դպրոցներ» ծրագիրը ներհամայնքային երաժշտական կյանքն աշխուժացնելու, երաժիշտ պատանիների միջև երկխոսության կայացման միտումն ունի: Ծրագրի շնորհիվ ապահովվում են երաժշտական և արվեստի դպրոցների միջև փորձի փոխանակումը, ստեղծագործական համագործակցության հարթակների ձևավորումը: Կարծում եմ՝ հրաշալի կլինի ծրագրի շրջանակն ընդլայնել երկրի սահմաններից դուրս՝ համագործակցային կապեր հաստատելով արտերկրի երաժշտական դպրոցների հետ»,- ասել է Դանիել Դանիելյանը:

Նա նաև ներկայացրել է «Մեկնարկ» ծրագրի մասնակից հայ պատանիների ձեռքբերումները միջազգային հեղինակավոր տարբեր մրցույթներում:

Հյուրերն ներկայացրել են իրենց գործունեության շրջանակում արվեստի ոլորտում իրականացվող ծրագրերը. նախանշվել են համագործակցության հնարավորությունները:

Ըստ Անուշ Թորանյանի՝ հայաստանաբնակ պատանիների կարողությունների զարգացման ուղղությամբ կարող են համատեղ ծրագրեր իրականցնել երաժշտության և նորաձևության ոլորտներում:

Քննարկվել են նաև Փարիզում անցկացվող «Հայաստանի ավան» փառատոնի կազմակերպման, Հայաստանից մասնակիցների ներգրավմամբ հայկական մշակույթի տարբեր ոլորտների ընդգրկման, փառատոնի աշխարհագրության ընդլայնման վերաբերյալ տարաբնույթ հարցեր:

Կիսվեք այս հոդվածով