Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով հուլիսի 10-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Երևան քաղաքի մի շարք փողոցներում:
Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ Գարեգին Նժդեհի փողոց-Արշակունյաց պողոտա խաչմերուկում՝ Գարեգին Նժդեհի հրապարակից բարձրացող ուղղությամբ կարգելվի հետադարձը:
Արցախի պողոտա-Արին Բերդի փողոց խաչմերուկում՝ Արին Բերդի փողոցից դեպի Արցախի պողոտա-Այվազովսկու փողոց խաչմերուկ ուղղությամբ նախկին «միայն աջ» և «ուղիղ և ձախ» թույլատրված երթևեկության փոխարեն երթևեկությունը կթույլատրվի «աջ և ուղիղ» և «ուղիղ և ձախ» ուղղություններով:
Արցախի պողոտայում՝ Արցախի պողոտա-Այվազովկսու փողոց ուղղությամբ կարգելվի մեքենաների կանգառը՝ խաչմերուկից 50 մ երկարությամբ: Նաև Արին Բերդի փողոցից կարգելվի հետադարձը:
Գայի պողոտա-Քոչարյան փողոց խաչմերուկում կարգելվի հետադարձը: Ինչպես նաև Գայի պողոտա-Թոթովենցի փողոց խաչմերուկում նախկին «միայն աջ» թույլատրված երթևեկության փոխարեն երթևեկությունը կթույլատրվի «դեպի աջ և ձախ» ուղղություններով:
Երևանի քաղաքապետարանի տեղեկացմամբ՝ նշված ճանապարհահատվածներում կիրականացվեն համապատասխան ճանապարհային նշանների տեղադրման աշխատանքներ: