Հայաստանը ձգտում է ակտիվորեն մասնակցել արդյունաբերության զարգացմանը միջազգային մակարդակով. նախարար

1 Min Read
Հուլիսի 8-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մասնակցել է Եկատերինբուրգ քաղաքում տեղի ունեցած «Իննոպրոմ» միջազգային ֆորումի շրջանակներում ԱՊՀ անդամ պետությունների արդյունաբերական քաղաքականության խորհրդի տասներորդ նիստին։
Հանդիպմանը մասնակցել է նաև նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը։
«Ուրախ եմ ողջունել ձեզ այս կարևոր հանդիպմանը, որը նվիրված է մեր երկրներում արդյունաբերության զարգացմանն առնչվող թեմաների քննարկմանը: Արդյունաբերական քաղաքականությունը պետական կառավարման առանցքային գործիք է, որն ուղղված է տնտեսության արդյունաբերական հատվածի զարգացմանն ու աջակցությանը։ Արդյունաբերության զարգացումը նպաստում է արտադրության ավելացմանը, տնտեսական աճին, աշխատատեղերի ստեղծմանը և ազգային շուկայի կայունության ապահովմանը։
Հայաստանի Հանրապետությունը ձգտում է ակտիվորեն մասնակցել արդյունաբերության զարգացմանը ոչ միայն ազգային մակարդակով, այլև միջազգային համագործակցության շրջանակներում։ Մենք բոլոր ջանքերը գործադրում ենք բարենպաստ ներդրումային միջավայր ստեղծելու, օրենսդրության բարելավման և արդյունաբերության ոլորտում նորարարություններին աջակցելու համար։ Նորարարության, թվայնացման և տնտեսական աճի խթանմանն ուղղված համատեղ ջանքերի աջակցությունը ապագա մեր հաջող ուղու հիմքը կլինի»,- նշել է նախարարն իր ողջույնի խոսքում։
Խորհրդի նիստի օրակարգում ընդգրկված էին տարբեր ոլորտներում համագործակցության զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ։ Ներկայացվել է թեթև արդյունաբերության ոլորտում ԱՊՀ անդամ պետությունների համագործակցության զարգացման հայեցակարգի նախագիծը և դրա իրականացման գործողությունների ծրագիրը։
Խորհրդի կողմից վերահսկվող հիմնական կազմակերպությունների ներկայացուցիչները խոսել են 2023-2024 թվականների գործունեության և առաջիկա ժամանակաշրջանի պլանների մասին։
Հաջորդ նիստը նախատեսվում է անցկացնել 2025 թվականին Տաջիկստանի Հանրապետությունում։
Share This Article