Այս տարվա մայիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ հանրապետությունում գրանցվել է բենզինի՝ 39.1% և դիզելային վառելիքի՝ 6.2% գնաճ, իսկ 2023թ. դեկտեմբերի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գները նվազել են համապատասխանաբար 6.2% և 4.3%-ով:
Այս մասին Banksnews.am-ը տեղեկանում է ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներից։
Վերջին շրջանում Պրեմիում տեսակի բենզին կարելի է գնել 510 դրամով, իսկ Ռեգուլյար տեսակի բենզինը՝ 470 դրամ։
Այս տարվա հունիսին մրցակցության պաշտպանության հանձնաժողովը վարույթ է հարուցել հնարավոր հակամրցակցային համաձայնության վերաբերյալ ոլորտի խոշոր խաղացողներ «Ֆլեշ», «Մեգա Թրեյդ», «Կամօյլ» և «Սի Փի ԷՍ Էներջի Գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների նկատմամբ։
«2023 թվականի դեկտեմբեր ամսին «Ֆլեշ», «Մեգա Թրեյդ», «Կամօյլ» և «Սի Փի ԷՍ Էներջի Գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների կողմից ԱԻ- 92 տեսակի բենզինի մանրածախ իրացման միջին գինը’ առանց ԱԱՀ, կազմել է համապատասխանաբար 436 դրամ, 430 դրամ, 436 դրամ և 436 դրամ, այսինքն’ մանրածախ իրացման միջին գինը դիտարկված տնտեսավարող սուբյեկտների մոտ գրեթե նույնական է եղել’ առավելագույնը 6 դրամ տարբերությամբ: Միևնույն ժամանակ, տնտեսավարող սուբյեկտների ինքնարժեքների միջև 1 լիտրի հաշվով նշված ամսին առկա է եղել մինչև 91 դրամ տարբերություն:
Այսպիսով, դիտարկվող ժամանակահատվածում տնտեսավարող սուբյեկտների համաձայնեցված գործողությունները պարունակում են հակամրցակցային համաձայնության հատկանիշներ: Ընդ որում, պատասխանատու ստորաբաժանմանը հասանելի տվյալների համաձայն, տնտեսավարող սուբյեկտների կողմից բենզինի իրացման գների համանման վարքագիծ է նկատվել նաև 2024 թվականի հունվարի 1-ից մինչև հունիսի 10-ն ընկած ժամանակահատվածում»,- նշված է ՄՊՀ որոշման մեջ։
Տարածաշրջանում բենզինի ամենաբարձր գինը Հայաստանում է։ Այս մասին Banksnews.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Աղասի Թավադյանը՝ ընդգծելով, որ այս փաստը մտահոգիչ է։
Թավադյանի կարծիքով` սա ավելի շատ պայմանավորված է Հայաստանի համաշխարհային դիրքով, քան ներքին մրցակցային խնդիրներով։
«Ըստ իմ կողմից կատարված ուսումնասիրության՝ բենզինի գինը սահմանին գրեթե նույնն է, ինչ ներքին շուկայում, այսինքն՝ սահմանին բենզինը Հայաստան է մտնում մոտավորապես 1 դոլար 33 ցենտով, որը համապատասխանում է ներքին շուկայի գնին։ Եթե համեմատենք հարևան Վրաստանի հետ, այնտեղ Բենզինի գինն ավելի էժան է մոտ 50 դրամով, իսկ Իրանի ներքին շուկայում Բենզինի 1 լիտր գինը 11-14 դրամ է, որը իհարկե իրենց ներքին քաղաքականության արդյունքն է, Ռուսաստանում 220 դրամ է»,- նշում է Թավադյանը։
Նրա խոսքով՝ բենզինի գնի աճը հիմնականում պայմանավորված է բենզինի գնի այսօրվա իրավիճակով.
«Հիմնականում գինը թելադրում են Ռուսաստանը և Արաբական միացյալ Էմիրությունները ու այդ երկու պետությունները վերջին շրջանում սահմանափակել են նավթամթերքի արտահանումը, որի պատճառով գները բավականին բարձրացել են։ Մենք պետք է աշխատենք որպես ԵԱՏՄ երկիր, որի համաձայնագրով ԵԱՏՄ շուկայում պետք է ստեղծվի ընդհանուր վառելիքի շուկա, պետք է փորձենք այնպես անել, որպեսզի նավթամթերքը հնարավորինս էժան հասնի Հայաստան, կամ պիտի նավթամթերքի ներմուծման այլընտրանքային ճանապարհներ գտնենք։ Օրինակ՝ ճիշտ է, մեր նավթամթերքի մոտավորապես 10 %-ը Իրանից է գալիս, ու անհասկանալի է՝ ինչու է բենզինի 1 լիտրը Իրանից Հայաստան մտնում 1 դոլար 35 ցենտով, եթե ներքին շուկայում 11-14 դրամ է։ Այստեղ որոշակի պայմանավորվածությունների հարցեր են առաջանում»:
Տնտեսագետի խոսքով՝ այս պահին վառելիքի համաշխարհային գներն աճի տենդենց ունեն:
«Հետաքրքրական է, որ դրամի վերջին արժևորումից հետո, երբ դոլարը 400 դրամից դարձավ 380 դրամ, ըստ էության ներմուծվող բենզինի գինը պետք է էժանանար, սակայն դա տեղի չի ունեցել։ Այս պահին 2 սցենար կա․ կամ ներքին շուկայում բենզինի գինը նույնն է մնալու, որովհետև համաշխարհային շուկայում բենզինի գինը իջնելու տենդենց չունի, կամ էլ էլի աճ ենք տեսնելու, որը, իհարկե մտահոգիչ է»,- նշել է նա։
Ինչ վերաբերում է Հայաստանի շուկայում խոշոր խաղացողների կողմից հնարավոր դեմփինգի դրսևորումներին ու ՄՊՀ կողմից վարույթ հարուցելուն, Թավադյանը հնարավոր է համարում դեմփինգը, այնուամենայնիվ, նշում է` շուկան ավելի մրցակցային է, քան 1 տարի առաջ։
«Ընդհանուր առմամբ՝ ներքին համաձայնության վերաբերյալ խոսակցություններ կային նաև անցյալ տարի, բայց դրանք ոչ մի տեղ չտարան, ու ՄՊՀ-ն հայտարարեց, որ իրականում խնդիր չկա։ Իհարկե, վարույթ պետք է վարի, այդ հարցը պետք է դիտարկվի, սակայն այստեղ, իմ կարծիքով, խնդիրը ոչ թե ներքին շուկայում է, այլ քաղաքական է։ ՀՀ-ն պետք է մտածի ինչպիսի հարաբերություններ հաստատի Ռուսաստանի և Իրանի հետ, որպեսզի բենզինը ներքին շուկայում էժանանա»,- ասել է տնտեսագետը։
Տնտեսագետը նաև հիշեցրեց, որ այս պահին Հայաստանում էլեկտրական մեքենաների քանակն օրեցօր աճում է, և սա ևս առաջիկայում կարող է անդրադառնալ բենզինի ներքին պահանջարկի և գնի վրա։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում