Մտահոգիչ էր վարորդների պահվածքի հետ կապված ահազանգերի քանակը. Ավինյան

1 Min Read

 Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող ավտոբուսներից 25-ի մասնակցությամբ մեկ շաբաթում 25 պատահար է գրանցվել։

Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասել է «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի ներկայացուցիչը։

«Նախորդ շաբաթ 67 երթուղիներում փաստացի սպասարկել է ընդհանուր թվով 3538 շարժակազմ` նախատեսված 3937-ի փոխարեն։ Տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային 25 պատահար, որից մեկը՝ մարմնական վնասվածքով։ Վարորդը վթարային իրավիճակից խուսափելու նպատակով կտրուկ արգելակել է, ուղևորը վայր է ընկել և ստացել ողի ու թիակի կոտրվածք։ Խոսել եմ և՛ իր, և՛ բժշկի հետ»,- նշել է նա։
Նիստի ընթացքում նշվել է, որ մայիսի 25-ից մինչև հուլիսի 3-ն ընկած ժամանակահատվածում ավտոբուսների վարորդների պահվածքի վերաբերյալ ուղևորները 117 անգամ ահազանգել են։ Վարորդներին զգուշացումներ են տրվել, բանավոր և գրավոր նկատողություններ, կազմվել են արձանագրություններ։ Մեկ ահազանգի վերաբերյալ էլ վարչության կողմից իրականացված ուսումնասիրության արդյունքում վարորդն ազատվել է աշխատանքից։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ այդ ահազանգերի այդ թիվը մտահոգիչ է համարել և նշել, որ վարորդների պահվածքի մասով էական անելիք կա, որպեսզի բողոքները շարունակաբար պակասեն։

Քաղաքապետը խնդրել է ծրագիր ներկայացնել, թե ինչ են պատրաստվում անել, որպեսզի ուղևորների և վարորդների հարաբերությունների հետ կապված այս ծավալով ահազանգեր չլինեն։

 

Կիսվեք այս հոդվածով